2009թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն ավելացել է 3 տոկոսով

PanARMENIAN.Net -
Անկախ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նախնական հաշվարկներից, ըստ որի 4 տոկոս անկում է գրանցվել միջազգային զբոսաշրջության ոլորտում, 2009թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն ավելացել է 3 տոկոսով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Ըստ նրա, 2009թ. Հայաստան է այցելել 575 281 զբոսաշրջիկ: Նրանց մեծամասնությունը ԱՊՀ երկրների` Վրաստանի, ՌԴ-ի, ինչպես նաեւ Իրանի քաղաքացիներ են: Սակայն Հայաստան են այցելել նաեւ Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Լատինական Ամերիկայի բնակիչներ:



Վարչության պետն ասել է, որ այսօր ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի առաջիկայում Հայաստանը վերածվի տարածաշրջանի գլխավոր զբոսաշրջային կենտրոնի: Այդ նպատակով ՀՀ-ն կմասնակցի միջազգային տոնավաճառների, կկազմակերպի ճանաչողական այցեր, կկազմակերպի ցուցահանդեսներ ու փառատոներ:



«Մենք շարունակում ենք ծրագրեր մշակել Ջերմուկի ու Ծաղկաձորի համար, սակայն անուշադրության չենք մատնում նաեւ մյուս մարզերը: Օրինակ, կառավարությունում կքննարկվի Տաթեի ներդրումային համալիր ծրագիրը, ինչպես նաեւ «Հյուսիսային դարպասներ» ծրագիրը, որը ներառում է Լոռու մարզի հանգստավայրերը»,-ասել է Ապրեսյանը:



Ըստ Ապրեսյանի կանխատեսման, 2010թ. 5 տոկոս աճ կգրանցվի զբոսաշրջության ոլորտում:



Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հիմնվել է ՄԱԿ-ի կողմից, կենտրոնակայանը գտնվում է Մադրիդում, զբաղվում է հանրամատչելի զբոսաշրջության զարգացմամբ: Ստեղծվել է 1925թ. որպես պաշտոնական զբոսաշրջային ասոցիաիցիաների միջազգային կոնգրես: Առաջին վեհաժողովը տեղի է ունեցել 1975թ. Մադրիդում: 2003թ. կազմակերպությունը ստացավ ՄԱԿ-ի հատուկ հաստատության կարգավիճակ: 2006-ին կազմակերպությանն անդամակցում էր 150 երկիր, 7 տարածք եւ 300 ասոցիացված անդամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---