2010 թվականին 1 խորանարդ մետր ոռոգման ջրի դիմաց Հայաստանում կգանձվի 11 դրամ

PanARMENIAN.Net -
2010 թվականի փետրվարի 1-ին Ծաղկաձորում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանդիպեց Ջուր օգտագործող (ՋՕԸ) եւ Ջրառ ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:



Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2009 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ նախանշվեցին ընթացիկ տարվա անելիքները։ Փոխվարչապետը կարեւորեց հատկապես օգտագործված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրման ցուցանիշի բարձրացման խնդիրը։ Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց ՋՕԸ-երում ֆինանսական կարգապահության ապահովման վրա։ Ներկայացվեց, որ անցած տարվա արդյունքներով մի քանի ՋՕԸ-երի աշխատանքը գնահատվել է անբավարար, որի արդյունքում ղեկավարները փոխվել են։ Արմեն Գեւորգյանը նշեց, որ թեեւ նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել է 20 տոկոսով եւ ապահովվել 87,4 %, սակայն «պետք չէ բավարարվել հավաքագրման առկա մակարդակով»։



ՀՀ փոխվարչապետը հորդորեց ՋՕԸ-երի ղեկավարներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ընկերությունների հարկային պարտավորություններին` բացառելով պարտքերի կուտակումը պետության առջեւ։ Հաճախ հենց դա է դառնում ընկերությունների հաշիվների կալանքի պատճառը եւ խոչընդոտում արդյունավետ ֆինանսական գործունեությանը։ Արմեն Գեւորգյանը ՋՕԸ-երի ղեկավարներին առաջարկեց մինչ ոռոգման սեզոնի սկիզբը` առաջիկա երկու ամիսների ընթացքում՝ կենտրոնացնելով ուժերը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել վարձավճարների անցած տարվա պարտքերը հնարավորինս մարելու նպատակով։



Քննարկվեցին 2010 թվականի ոռոգման սեզոնի նախապատրաստության հետ կապված հարցերը։ Փոխվարչապետը շեշտեց, որ այս տարի համակարգի համար որոշակի լարվածություն կստեղծվի, քանի որ ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ հաստատված ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթներով 2010 թվականից 1 խմ ջրի դիմաց նախկին 9-ի փոխարեն գանձվելու է 11 դրամ։ Կարեւորվեց ոռոգման ջրի խնայողաբար օգտագործումը, «որը մեր երկրի համար նաեւ բնապահպանական նշանակություն ունի` կապված Սեւանա լճից ջրառի հնարավորինս կրճատման հետ»։



ՀՀ փոխվարչապետը տեղեկացրեց, որ այս տարի, «Հազարամյակի մարտահրավեր -Հայաստան» շրջանակներում նախատեսվում է ՋՕԸ-երի տեխնիկական օժանդակության եւ կարողությունների հզորացման ծրագրեր իրականացնել։Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հորդորեց աջակցել Համաշխարհային բանկի եւ «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրի շրջանակներում ջրագծերի վերակառուցման եւ նորերի կառուցման ծրագրերին, անհրաժեշտության դեպքում ապահովել պահանջվող համաֆինանսավորումը, ինչպես նաեւ հետեւել իրականացվող աշխատանքների որակին եւ սահմանված ժամանակացույցի ապահովմանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---