Հրադադարի պարբերական խախտումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը լրջորեն տրամադրված է պատերազմի

Հրադադարի պարբերական խախտումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը լրջորեն տրամադրված է պատերազմի

PanARMENIAN.Net -
Մոտ ժամանակներում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացում լուրջ առաջընթաց պետք չէ ակնկալել: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:



Նրա խոսքերի համաձայն, եթե ղարաբաղյան հակամարտության հարցում Բաքուն շարունակի իր ընտրած այս դիրքորոշումը, ապա հակամարտության կարգավորումը հնարավոր կլինի երկու սցենարով` կամ Ադրբեջանը կհասնի իր ցանկալի արդյունքին խաղաղ ճանապարհով, կամ պատերազմ կսկսի:



PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանելով, Կիրո Մանոյանն ասել է, որ Բաքվի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկրների, նաեւ Թուրքիայի դեմ: Բաքուն Անկարային նախազգուշացնում է, թե ինչ կարող է պատահել, եթե Թուրքիան որոշի բացել Հայաստանի հետ սահմանը եւ նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի: «Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ շատ լուրջ է տրամադրված պատերազմի: Այդ է ապացուցում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի պարբերական խախտումները: Ադրբեջանը իրեն պահում է խռոված երեխայի պես, որի ձեռքում վտանգավոր զենք կա», - ասել է Հայ դատի գրասենյակի ղեկավարը:



Նրա կարծիքով, պետք չէ շփոթության մատնվել Ադրբեջանի հայտարարություններից, բայց եւ պետք չէ դրանք արհամարհել:





Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---