Ավարտվում է Ազգային գրադարանի հայալեզու ֆոնդի քարտադարանի թվայնացումը

PanARMENIAN.Net -
Ազգային գրադարանի հայալեզու ֆոնդի քարտադարանի թվայնացումը կավարտվի այս տարի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ մշակութային արժեքների վարչության առաջատար մասնագետ Լուիզա Բերբերյանը: Ըստ նրա, 2002-2009 թվականներին տվյալների բազայում ընդգրկվել է 2 538 465 անուն գիրք: Զուգահեռաբար սկսվել է ֆոնդի ռուսալեզու գրքերի թվայնացման գործընթացը:



Անցյալ տարի փորձ արվեց քարտադարանի որոնողական համակարգ գործարկել Ինտերնետում: Սակայն, պարզվեց, որ 6 650 000 դրամ արժողությամբ անհրաժեշտ ծրագրի լիցենզիան, որի միջոցով ներմուծվում են տվյալները, անհրաժեշտ է յուրաքանչյուր գրադարանի համար: Այդ պատճառով որոնողական համակարգը ժամանակավորապես չի գործում:



«Նախատեսվում էր, որ ընդհանուր գրդարանային ցանցի ստեղծման ծրագիրը պետք է ավարտել մինչեւ 2012թ.: Սակայն ճգնաժամի պատճառով այս տարի միջոցներ չեն հատկացվի լրացուցիչ տեխնիկական սարքավորումների ձեռք բերման համար: Մենք կադրերի պակաս չունենք, սակայն համակարգիչների փոքր քանակը ձգձգում է թվայնացման գործընթացը, անհրաժեշտ է լրացուցիչ սերվեր` արխիվացիայի ենաթրկելու համար տեղեկատվության ընդհանուր ծավալը»,-ասել է Լուիզա Բերբերյանը:



Ծրագրում ընդգրկված է 12 գրադարան, այդ թվում նաեւ ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանը, ԵՊՀ գրադարանը, Հանրապետական գիտատեխնիկական գրադարանը: Ինչպես նշել է Լ.Բերբերյանը, ժամանակի հետ Հայաստանի բոլոր գրադարանները կընդգրկվեն ընդհանուր տեղեկատվական տարածության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---