ԱՄՆ-ն Թուրքիայի հետ հարաբերություններին ավելի շատ վնաս հասցրեց, քան դա կարող էր անել մեկ խորհրդանշական բանաձեւ

PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի վարչակազմը, վկայակոչելով Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանումը, խոստացել է արգելափակել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Չնայած, որ Օբամայի վարչակազմը հրաժարվել է ճանաչել եւ անգամ փորձել է կոծկել իր եւս մեկ դաշնակցի` Իսրայելի ռազմական հանցագործությունների փաստագրված ապացույցները, քչերն էին հավատում, որ ամերիկյան վարչակազմն այդքան հեռու կգնա եւ ամեն կերպ կժխտի Ցեղասպանությունը: Այդ մասին գրում է ամերիկյան Huffington Post թերթը:

Ինչպես գրում է թերթը, 252 բանաձեւի ընդունման ընդդիմադիրները պնդում են, որ այն կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին: «Սակայն իր քաղաքականությամբ Վաշինգտոնն Անկարայի հետ հարաբերություններին ավելի շատ վնաս է հասցրեց, քան դա կարող էր անել մեկ խորհրդանշական բանաձեւ: Միացյալ Նահանգները գաղտնի կերպով օժանդակում էին 2003թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձերը, զինում էին Իրաքի ու Իրանի քրդերին, որոնք սերտ կապեր ունեին Թուրքիայի քրդական ուժերի հետ: Միացյալ Նահանգները ներխուժեցին նաեւ հարեւան Իրաք: Արդյունքում Ամերիկայի կողմնակից թուրքերի քանակը 52%-ից նվազեց 9%-ի»,- նշում է թերթը:

Հոդվածի հեղինակի կարծիքով, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ անընդունակ լինելը կարող է արգելք դառնալ այն թուրքերի համար, որոնք դատապարտում են Օսմանյան կայսրության քաղաքականությունը եւ փորձում են կանխել ցեղասպանություններն ապագայում:

«Հոլոքոստը ճանաչող բանաձեւերի վերաբերյալ դեռեւս որեւէ դիմակայություն չի եղել: Հայոց ցեղասպանության հարցում Օբամայի վարչակազմի դիրքորոշումը վերաբերում է ոչ միայն 95 տարի առաջ կատարված ողբերգության զոհերի հիշատակին, այլեւ նման սարսափելի հանցագործությունների կանխման ուղղությամբ մեր ազգի ջանքերին: Դա այն հարցն է, թե արդյոք մենք պատրաստ ենք պաշտպանել արդարությունը ստի հորձանուտում»,- գրում է Huffington Post-ը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձեւն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:

2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---