Նիդեռլանդների հայերը Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցույց կանցկացնեն

PanARMENIAN.Net - Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) «Ապրիլի 24» կոմիտեն եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը ծրագրում են ապրիլի 20-ին «Հոլանդահայ համագործակցող կազմակերպություններ» անվան տակ Het Plein հրապարակում ցույց կազմակերպել Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net -ի ստացած FAON հայտարարության մեջ, այդ կապակցությամբ Ֆեդերացիան կոչ է անում Նիդեռլանդների բոլոր հայկական կառույցներին եւ ամբողջ հոլանդահայությանը, որ միասնաբար զանգվածային ցույցի միջոցով զորացնեն պահանջը Թուրքիայից` ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ Նիդեռլանդների կառավարությունից` իրագործել Ռոուվուտի առաջարկությունը, որը միաձայն ընդունվել է Նիդեռլանդների խորհրդարանի կողմից 2004 թվականին:

«Հույժ կարեւոր է, որպեսզի հոլանդահայությունը միակամ իր սարսափը արտահայտի Հայոց ցեղասպանության եւ այն փաստի նկատմամբ, որ Թուրքիան 95 տարի հետո գարշելի կերպով հերքում եւ նսեմացնում է ցեղասպանության եղելությունը, իսկ այդ մասին Թուրքիայում խոսելն անգամ դեռեւս համարվում է քրեական հանցանք: Չնայած, որ Հայոց ցեղասպանությունը լայն ճանաչում է գտել, միջազգային հասարակայնությունը չի կարողացել աներկբա Թուրքիային հստակորեն ասել, որ հերքման եւ նսեմացման գործելակերպն ընդունելի չէ եւ դրա դեմ համապատասխան միջոցներ չի կիրառել»,- ասվում է FAON հայտարարության մեջ:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ընդգծում է, որ համաշխարհային հասարակության այս իսկ կեցվածքն էր, որ պարարտ հող ստեղծեց 1915 թ. եղեռնագործության համար` աշխարհի բաց աչքերի առջեւ:

Ցույցի ժամանակ մասնակիցներն Անկարայից կպահանջեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բացի դրանից, ցուցարարները մտադիր են Նիդեռլանդների իշխանություններից պահանջել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող կառուցել միջազգային օրենքի քաղաք Հաագայում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---