Վրաստանաբնակ ադրբեջանցիներին Նովրուզի տոնի առթիվ շնորհավորելը` ֆարս է

PanARMENIAN.Net - Վերջերս Վրաստանում, իշխող կուսակցությունից սկսած, ընդդիմությամբ ավարտած, բոլորը հրապարակայնորեն շնորհավորեցին վրաստանաբնակ ադրբեջանցիներին Նովրուզ բայրամ տոնի կապակացությամբ, այդպիսով իսկ ցուցադրելով ողջ աշխարհին` թե տեսեք, մենք որքան հանդուրժող ենք եւ ուշադիր ազգային փոքրամասնությունների հանդեպ: Նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Նովրուզ բայրամը հայտարարեց Վրաստանի համազգային տոնը, իսկ Իրակլի Ալասանիան նույնիսկ այնքան ջանադրաբար մոտեցավ այդ հարցին, որ Նովրուզ բայրամի փոխարեն շնորհավորեց Կուրբան բայրամի առթիվ: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ջավախահայության կոչում` ուղղված Վրաստանի ընդդիմադիր եւ այլ կուսակցություններին:



Ուղերձի հեղինակներն ընդգծում են, որ բոլորի համար ակնհայտ է այն փաստը, որ դա ուղղակի ֆարս է, քանի որ, օրինակ, Ջավախքի-Ծալկայի հայության պահանջների հանդեպ լիակատար անտարբերություն է ինչպես Վրաստանի այժմյան ղեկավարության, այնպես էլ` ընդդիմության կողմից: «Տպավորություն է ստեղծվում, որ նման համայնք ու շրջան Վրաստանում գոյություն չունի: Դա մեզ մեկ անգամ եւս համոզում է նրանում, որ ինչպես Վրաստանի իշխող կուսակցությունը, այնպես էլ ընդդիմությունը փաստորեն ոչ մի ազգային ծրագիր չունեն եւ միայն «պայքարում» են իրար հետ աթոռի եւ «համեղ պատառի» համար, յուրաքանչյուրն իր շահերից: Համապատասխանաբար, դա հետեւյալ եզրակացության հիմք է տալիս` այսօր Վրաստանում չկա ոչ մի տարբերություն`ընդդիմություն, կամ իշխող կուսակցություն: Ներկայումս Վրաստանում օբյեկտիվ նախադրայլներ են ստեղծվել, երբ Վրաստանի ցանկացած ընդդիմադիր կուսակցություն կարող է ջավախահայության կամ ցանկացած այլ ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման խնդիրներն օգտագործելով, դրսեւորի իր յուրօրինակությունն ու անթերի լինելը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Ջավախքի հասարակական կազմակերպությունները դիմում են Վրաստանի բոլոր շահագրգիռ եւ ընդդիմադիր կուսակցութուններին եւ հրավիրում են նրանց բաց երկխոսության` հեռուստակամուրջների, «կլոր սեղանների» եւ քաղաքակիրթ քննարկումների այլ տեսակների: Ջավախահությունն արդեն տարիներ շարունակ փորձում է ուշադրություն հրավիրել, սակայն ոչ Վրաստանի իշխանամետ կուսակցությունները, ոչ երկրի ընդդիմությունը ուղղակի չեն ցանկանում նրանց լսել: Հավաստիացնում ենք, որ մենք առաջիկայում եւս հավատարիմ կմնանք միջազգային նորմերին եւ կանոններին եւ կպայքարենք մեր իրավունքների համար, իսկ շարունակվող անտարբերության պայմաններում մեր մեթոդներն անշեղորեն կընդունեն առավել ծայրահեղական դրսեւորումներ` մեր սահմանադրական իրավունքի շրջանակներում»,-ասվում է հայտարարության մեջ:
Ջավախք

Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր:

Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեսների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոբյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծնունդով Ախալքալաքից են:

1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը:

Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---