«Թռչող հոլանդացին» ֆիլմի ռեժիսոր Յոս Սթելինգը Երեւանում վարպետության դասեր կանցկացնի

PanARMENIAN.Net - Հոլանդացի հայտնի կինոռեժիսոր Յոս Սթելինգը մարտի 23-28-ը «Ոսկե ծիրան» յոթերորդ կինոփառատոնի շրջանակներում կանցկացնի վարպետության դասեր: Այդ դասընթացների ժամանակ ռեժիսորի մշակած ծրագրով կնկարահանվեն երեք խաղարկային ֆիլմեր` «Սերը եւ քաղաքը» թեմայով:

«Ես ընտրել եմ այն սցենարները, որոնք հնարավոր է մի քանի օրում նկարահանել: Երիտասարդ, անփորձ հայ ռեժիսորների հետ աշխատելով ես տեսա կինո ստեղծելու նրանց մեծ ցանկությունը: Ցանկության առկայությունն առաջնային է, շատ կարեւոր է, սակայն դրա չափից ավելի դրսեւորումը երբեմն նկարահանման հրապարակում անկազմակերպ աշխատանքի առիթ է դառնում», - ասել է ռեժիսոր, սցենարիստ Յոս Սթելինգը մարտի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նկարահանվում են Հասմիկ Հովհաննիսյանի («Գլխարկ»), Մարիանա Եղիազարյանի («Գաղտնիք»), Արթուր Սուքիասյանի («Գեղեցկադեմը Երեւանից») ֆիլմերը:

Ֆիլմերը քննարկվելու են մարտի 28-ին, իսկ ցուցադրումը տեղի կունենա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Յոս Ստելինգ

Յոս Ստելինգը ծնվել է 1945 թ., (Ուտրեխտ, Հոլանդիա): Գեղանկարչություն եւ գրաֆիկա է ուսանել: Առաջին ֆիլմը` «Մարիկեն վան Նյումեգհենը», 1975-ին, ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում: Հաջորդ ֆիլմերը նրան միջազգային ճանաչում են բերել` արժանանալով փառատոնային մրցանակների: 1999-ին ստեղծագործական ավանդի համար նրան շնորհվել է Ուոթերվիլի (ԱՄՆ)փառատոնի, 2001-ին` Չեխիայի կինոակումբների ընկերակցության մրցանակները: 1981-ին հիմնել է «Հոլանդական կինոյի օրեր» փառատոնը, եւ մինչ 1991-ը` եղել փառատոնի տնօրենը: Այժմ արվեստի կենտրոնի տնօրենն է: Մշակութային նվաճումների համար Ստելինգն իր հայրենիքում արժանացել է ասպետի կոչման եւ «Հոլանդական առյուծ» շքանշանի:

Նկարահանել է «Մարիկեն վան Նյումեգհեն» (1974), «Էլկերլիկ» (1975), «Ռեմբրանդտ. դիմանկար-1669» (1977), «Ձեւացողները» (1981), «Աճպարարը» (1984), «Սլաքավարը» (1986), «Թռչող հոլանդացին» (1995), «Սպասասրահը» (1995), «Ոչ գնացք, ոչ ինքնաթիռ» (1999), «Բենզակայան» (2000), «Առեւտրի սրահ» (2003) ֆիլմերը:

«Ոսկե ծիրան»

«Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2002 թ. մարտի 4-ից: Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունն է, որի հիմնական նպատակն է` աջակցել ազգային կինեմատոգրաֆիային, պահպանել մշակութային ինքնատիպությունը, պրոպագանդել ռուսական եւ արտասահմանյան լավագույն ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---