Մայիսին Քնեսեթում կարող է կիկին քննարկվել Հայոց ցեղասպանության հարցը

PanARMENIAN.Net - Հաջորդ ամիս ՄԵՐԵՑ խմբակցության նախագահ Հաիմ Օրոնը հերթական անգամ պատրաստվում է Քնեսեթի քննարկմանն առաջարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը: Ինչպես գրում է Ալեքսանդր Գոլդշտեյնը «Անհայտ Հայաստան. եպիսկոպոսներից մինչեւ Քնեսեթի պատգամավորներ» հոդվածում, որ զետեղվել է IzRus պորտալում, 90-ականներից ի վեր այս թեման ամեն տարի դառնում է խորհրդարանականների թեժ բանավեճի առարկա: «Սակայն այս անգամ այդ առնչությամբ կատարվող իրադարձությունների հանդեպ ուշադրությունը պետկառույցների կողմից աճում է ինչպես բուն Իսրայելում, այնպես էլ մի շարք հարեւան երկրներում:



Մի շարք պատճառներով, հարցն արդեն չի դիտարկվում լոկ երկու պետությունների կամ երկու ժողովրդների հարաբերությունների ենթատեքստում, եւ գնալով աշխարհաքաղաքական բնույթ է ստանում: Առաջին հերթին, դրա վրա ազդում է աճող լարվածությունն Երուսաղեմի եւ Անկարայի միջեւ: Իրենց դերակատարությունն ունեն նաեւ այլ տարածաշրջանային գործընթացներ` Անկարայի արտաքին քաղաքականության ուղղվածության փոփոխումը` Արեւմուտքի հետ սերտ կապերից մինչեւ մերձեցում մահմեդական աշխարհի հետ, անցյալ տարի նախանշված կարգավորումը հայերի եւ թուրքերի միջեւ, Հայաստանի ու Իրանի ռազմավարական գործընկերության ամրապնդում, Ադրբեջանի համագործակցության ակտիվացումն Իսրայելի հետ: Բացի այդ, Վաշինգտոնի ձգտումը ցանկացած գնով հասնել իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսմանը, ստիպեց որոշ պաշտոնյաների հիշել «հայկական գործոնի» մասին Երուսաղեմի վերջնական կարգավիճակի որոշման համատեքստում: Բանը նրանում է, որ Հայ առաքելական եկեղեցին լիովին կամ մասնակիորեն վերահսկում է այդ քաղաքի բազմաթիվ քրիստոնեական սրբություններ (ներառյալ Տիրոջ գերեզմանի տաճարը): Բացի այդ, հայկական թաղամասը գտնվում է Հին քաղաքի հենց սրտում, ուստի, «բանակցային գործընթացի» մի շարք արեւմտյան ճարտարապետների կարծիքով, հայերի դիրքորոշումից կարող է որոշ առումով կախված լինել Երուսաղեմի ապագա տարանջատումը»,-նշում է հեղինակը:
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---