Հայտնի են դարձել «Թատրոն-X» փառատոնի հաղթողները

PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել Երեւանում եւ Հայաստանի 6 մարզերում մարտի 2-28-ը տեղի ունեցած «Թատրոն-X» թատերական փառատոնի հաղթողները: Առաջին մրցանակը 1 մլն դրամի չափով ստացավ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը «Ամպից պոկված հեքիաթը» ներկայացման համար:

«Այս ներկայացման մեջ ժյուրիի ուշադրությունն է գրավել նորարարությունների ճիշտ կիրառումը, ինչն էլ հիմք ծառայեց բարձր գնահատականի համար»,-պարզաբանել է փառատոնի նախագահ Արա Խզմալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Երկրորդ մրցանակի (500 հազար դրամ) արժանացավ «Նարեկացի» արվեստների կենտրոնը` Շուշիում երեխաների հետ տարած աշխատանքի համար: «Թատրոնի գործունեությունը Շուշիում, նույնիսկ ոչ այնքան բարձր մակարդակով, շատ կարեւոր է: Քաղաքը սկսում է կրկին ապրել եւ հարկավոր է ապահովել նաեւ նրա մշակութային զարգացումը»,-ասել է Արա Խզմալյանը:

300 հազար երրորդ մրցանակը հանձնվեց Հրազդանի քաղաքային թատրոնին: «Հրազդանի թատրոնում մարդիկ աշխատում են ահավոր պայմաններում, սակայն, ջանադրաբար: Ներկայացումների երաժշտական ձեւավորումը մինչ այժմ կատարվում է մոռացված միջոցներով: Կարծում եմ, միայն այդ փաստը բավարար է պատկերացնելու համար, թե ինչ պայմաններում են աշխատում տաղանդավոր դերասանները»,-ասել է փառատոնի նախագահը:

Գնահատելով փառատոնի ընթացքն ու արդյունքները` Խզմալյանը նշել է, որ քննարկումները, որոնցով «Թատրոն-X» փառատոնը տարբերվում է մյուս բոլոր թատերական փառատոներից, այս տարի անցան առավել բարձր մակարդակով:

«Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ նաեւ մարզերի ղեկավարների հետ, որոնց ներկայացվեցին փառատոնի ընթացքում ի հայտ եկած մարզային թատրոնների խնդիրները»,-ասել է փառատոնի նախագահ Արա Խզմալյանը:

«Թատրոն-X»

«Թատրոն-X»-ը թատերական փառատոն է, անց է կացվում ամեն տարի Հայաստանում: Այս տարի փառատոնն անցնում էր Երեւանում եւ Հայաստանի 6 մարզերում: Առաջին անգամ փառատոնին մասնակցում էր նաեւ Արցախի Հանրապետությունը: Փառատոնի գլխավոր հովանավորներն են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ու «Մուլտի գրուպ» կոնցեռնը: Կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, Հայաստանի խաղաղության կոմիտեի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---