“Սվազլյան գերդաստանի հավատամքը” ֆիլմը ներկայցվել է Երեւանում

PanARMENIAN.Net - “Սվազլյան գերդաստանի հավատամքը” ֆիլմը նվիրված է XX-րդ դարի ընթացքում Սվազլյան գերդաստանի իրարհաջորդ երեք սերունդների ազգանպաստ և հայրենանպաստ գործունեությանը:

Ֆիլմում ներկայացվում է նախ` արեւմտահայ հայտնի ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, իրավաբան, դիվանագետ, հրապարակախոս, գրող Միհրան Սվազլյանի (Սվազլը) գործունեությունը (1863, Զմյուռնիա - 1935, Բոստոն), որպես Մեծ Բրիտանիայում, ապա` ԱՄՆ-ում, հայ առաջին լոբբիստական կազմակերպությունների հիմնադիր-նախագահ, ապա անդրադարձ է կատարվում եգիպտահայ անվանի գրող, թատերագիր, հրապարակախոս, ծաղրանկարիչ, ազգային-հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի (1904, Կեսարիա - 1948, Երևան) Սփյուռքում ծավալած եռանդուն գործունեությունը, որպես Հայաստանի Օգնության Կոմիտեի (ՀՕԿ) Ալեքսանդրիայի մասնաճյուղի և “Սևան” միության հիմնադիր-նախագահ, Եգիպտահայ ազգային խորհրդի անդամ, ինչպես նաեւ` “Ներգաղթը” թատերգության հեղինակ, որը մեծապես նպաստել է զանգվածային հայրենադարձության կազմակերպմանը` գաղափարապես և նյութապես սատարելով վերաշինվող հայրենիքին:

Ի վերջո, ներկայացվում է գերդաստանի երրորդ սերնդի ներկայացուցիչ, բանագետ, բանահավաք, բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանի ժողովրդագիտական վաստակը: Նա 55 տարիների ընթացքում հավաքագրել է Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների հաղորդած ժողովրդական բանավոր ավանդության տարաբնույթ նշխարները, ինչպես նաեւ` փաստավավերական վկայություններն ու պատմական բնույթի երգերը` անհետ կորստից փրկելով եւ տարբեր լեզուներով աշխարհին ներկայացնելով հայ ժողովրդի պատմական հավաքական հիշողությունը` ի նպաստ Հայ Դատի արդարացի լուծման և Հայոց ցեղասպանության ճանաչման:

Ֆիլմում օգտագործված են արխիվային բացառիկ արժեք ներկայացնող վավերագրական տեսանյութեր, ընդ որում` Հայոց ցեղասպանության ականատեսների կենդանի վկայություններ:

Պատմականորեն հագեցած նյութը շունչ ու կենդանություն է ստանում Հայաստանի վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանի խորաթափանց ու տպավորիչ ընթերցումով:

Ֆիլմի պրոդյուսերն ու երաժշտական ձևավորողն է Կարեն Խառատյանը, սցենարիստըª լրագրող Լաուրա Մինասյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---