Ֆրանսիայում տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտության մասին խորհրդաժողով

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղի է ունեցել “Ղարաբաղյան հակամարտությունը և Ղարաբաղի վերակառուցման ծրագրերը” խորագրով խորհրդաժողով:

Միջոցառմանը մասնակցել են քաղաքապետ Ֆիլիպ Կիզիրյանը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, տեղական ինքնակառավարման մարմինների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Իր խոսքում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնապատճառները, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը:

Անդրադառնալով մայիսի 23-ին կայանալիք Ազգային ժողովի 5-րդ գումարման ընտրություններին` ԼՂՀ մշտական ներկայացուցիչը նշել է. “Ընտրելով օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին` Ղարաբաղի ժողովուրդը մեկ անգամ ևս հիշեցնում է աշխարհին, որ իր ճակատագրի տերն է և հաստատակամ է կերտելու այն խաղաղ ճանապարհով և ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան”:

Հովհաննես Գևորգյանը հանդիպում է ունեցել նաև Լուար շրջանի “Քլաբ ԳԻԵՌ էնթըփրայսիս” (“Club GIER enterprises”) գործարարների խոշոր միավորման ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացվել է Արցախում առկա տնտեսական իրավիճակը և ներդրումների հնարավորությունները:

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը գործարարներին Արցախ է հրավիրել տեղի գործարարների հետ համագործակցության հաստատման նպատակով: Այս մասին ասված է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, գրում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---