Ապրիլի 25-ին Նյու Յորքում տեղի կունենա բողոքի ցույց Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ

Ապրիլի 25-ին Նյու Յորքում տեղի կունենա բողոքի ցույց Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին և 24-ին Նյու Յորքի և Նյու Ջերսի նահանգներում անցկացվել են Հայոց ցեղասպանության 95-ամյակի նվիրված ոգեկոչման միջոցառումներ` հուշ երեկոներ, համերգներ, հոգեհանգստի պաշտոններ, ընդունելություններ, որոնց մասնակցել են Նյու Յորքում ՀՀ դիվանագիտական անձնակազմը, հայկական կազմակերպությունների ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի քարտուղարության և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ, ցեղասպանությունը վերապրողներ և ԱՄՆ արևելյան ափի հայ առաքելական եկեղեցու առաջնորդներ:

Միջոցառումների ընթացքում որպես օրվա բանախոս ելույթներով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Նա իր խոսքում անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը վերջ տալու անհրաժեշտության մասին` այդ համատեքստում կարևորելով միջազգային հանրության շարունակական ջանքերն ու հայկական սփյուռքի դերակատարությունը: Իր ելույթի մեկ այլ բաժնում դեսպանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դատապարտման և հիմնարար ազատություններին ու իրավունքները սահմանող այլ միջազգային դաշնագրերի պահանջներին, չնվազեցնի այդ պահանջները, այլ փոխարենը ճնշումներ գործադրի և այլ ազգերի միջև պատմության մութ էջերը հաղթսհարելու իր օրինակով ստիպի, որպեսզի այսօրվա Թուրքիան, նույնպես ճանաչի, դատապարտի և վերանայի իր դիրքորոշումն իրականացրած ցեղասպանության և շարունակական բնույթ կրող մերժողականության քաղաքականությունը հայության հանդեպ:

95-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները Նյու Յորքում կշարունակվեն նաև ապրիլի 25-ին: Այդ օրը ՚Թայմս Սկուվերՙ հրապարակում նախատեսվում է հայ համայնքի կողմից կազմակերպվելիք ամենամյա հիշատակի բողոք ցույց: Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է տեղական ԶԼՄ-ների կոմղից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---