Բուխարեստի 1915թ. հիմնված Հայոց եկեղեցում մատուցվեց պատարագ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի

Բուխարեստի 1915թ. հիմնված Հայոց եկեղեցում մատուցվեց պատարագ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի

PanARMENIAN.Net - 2010 թ. Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ: Բուխարեստի Հայոց եկեղեցում, որը հիմնվել է 1915թ., կատարվեց հիշատակի հոգեհանգիստ, այնուհետեւ Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի և Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ դրվեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

Դեսպանության և Հայոց միության համատեղ ուժերով Բուխարեստի Հայ մշակույթի տան ցուցասրահում բացվեց ցեղասպանության թեմայով լուսանկարչական ցուցահանդես:

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի թեմի առաջնորդ Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկյանը եւ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: ՙԱրդար եւ ճշմարիտ գնահատական տալով անցյալին եւ անաչառորեն վերլուծելով ներկան` այսօր բոլորս եկել ենք նույն եզրակացության. հայ եւ թուրք ժողովուրդների նոր սերունդների համար ժամանակը եւ պայմանները հասունացել են, որպեսզի նրանք թոթափեն անցյալի ծանր բեռը, հաշտության ձեռք մեկնեն միմյանց եւ ապրեն համերաշխ: ՚, իր ելույթի մեջ ասաց դեսպան Համլետ Գասպարյանը:

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան նաև հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Տրանսիլվանիայի Գեռլա, Գեորգե եւ Դումբրավե քաղաքներում:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով Ապրիլի 26-ին Ռումինիայի Սենատում հանդես կգան սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, իսկ ապրիլի 27-ին` Պատգամավորների պալատում, պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---