Առաջիկա ամսում Հայաստանը կմիանա նորվեգական GSP համակարգին

Առաջիկա ամսում Հայաստանը կմիանա նորվեգական GSP համակարգին

PanARMENIAN.Net - «Հայաստանը նորվեգական GSP համակարգին միանալու վերջին փուլում է գտնվում, և արդեն մեկ ամիս անց այն հասանելի կլինի մեր ձեռնարկատերերին», - այս մասին մայիսի 4-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը: Նրա խոսքերի համաձայն, աշխարհում նմանատիպ 11 սխեմա գոյություն ունի, և այսօր Հայաստանն արդեն միացել է դրանցից 7-ին, որոնց թվում են` ռուսականը, ամերիկյանը, կանադականը, ճապոնականը:

Նորվեգական Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP) հնարավորություն է տալիս անցումային փուլում գտնվող երկրներին զրո տոկոս կամ ցածր տոկոսադրույքով ապրանքներ ներմուծել Նորվեգիա:

Մայիսի 3-6-ը քառօրյա աշխատանքային այցով Հայաստանում են գտնվելու Նորվեգիայի Մաքսերի և ակցիզների տնօրինության ներկայացուցիչներ Սեսիլիե Ալնեսը և Աննե Մերեթե Մոե Դալենը՝ Հայաստանի շահագրգիռ մարմիններին ծանոթացնելու նորվեգական արտոնությունների ընդհանրացված համակարգին (GSP):

Այցի շրջանակում մայիսի 3-ին հյուրերը այցելել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն`քննարկելու Հայաստանում նորվեգական արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) կիրառմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացնելու համակարգից օգտվելու մանրամասներ: Հանդիպմանը մասնակցել են նաև Զարգացման հայկական գործակալության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի գործատուների հանրապետական միության և այլ մարմինների ներկայացուցիչներ:

Մայիսի 4-ին նորվեգական պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր սեմինար` Հայաստանի գործարար շրջանակների համար, որի ընթացքում նորվեգացի մասնագետները հայ արտահանողներին ներկայացրել են նորվեգական Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP) և դրանից օգտվելու մեխանիզմները: Քննարկվել են նորվեգական Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---