Եվրոպական գործընկերությունը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը Կովկասի տարածշրջանում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նիստին, ասել է.

«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից ողջունել Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությանը։

Հանրապետական կուսակցությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պատասխանատվություն է վերցրել Հայաստանում ընթացող բարեփոխումների համար։

Իմ սեղմ ելույթում կներկայացնեմ Արևելյան գործընկերության խնդիրների ու հեռանկարների վերաբերյալ իմ պատկերացումները։

Եվրոպական միության երկրներում «արևելյան» եզրույթի շուրջ բուռն բանավեճ է ընթանում։ Մենք պետք է ուսումնասիրենք Արևելյան գործընկերությունը ժամանակակից փոփոխվող աշխարհի և Եվրոպայի ու Հայաստանի վրա դրա ազդեցության համատեքստում։ Այս ընթացքում, երբ մենք խոսում ենք, տեղի է ունենում փոփոխություն։ Մենք մտածում ենք, թե ինչպիսին կլինի աշխարհը 10, 20 կամ 50 տարի հետո։ Ի՞նչ տեսք կունենա այն, ի՞նչ տեսակի աշխարհում ենք ապրելու, արդյոք կարող ենք այն դարձնել այնպիսին, որտեղ կցանկանայինք ապրել։ Հիմնականում այս հարցերի պատասխաններն են որոշում այն բովանդակությունը, որ մենք ցանկանում ենք ներարկել Արևելյան գործընկերության ծրագրում։ Մի քանի դրույթ որոշակիացնում է Հայաստանի կառավարության ծրագիրը։

Առաջին. Ժամանակակից աշխարհում փոփոխությունների արագությունը շարունակ աճում է։ Մենք պետք է կառուցենք այդ փոփոխություններին համահունչ հասարակություն։

Երկրորդ. Աշխարհը փոքրանում է, ինչը հանգեցնում է ավելի շատ շփումների ու փոխկապակցվածության։ Անհրաժեշտ են երկխոսության ու գոյակցության նոր ձևեր։

Երրորդ. Գիտելիքը դառնում է ժամանակակից հասարակությունների շարժիչ ուժը։ Կրթական համակարգերը պետք է դյուրացնեն գիտելիքահենք տնտեսության զարգացումը։

Չորրորդ. Ինքնությունը դառնում է առավել կարևոր, թե’ մեծ, թե’ փոքր ազգերի համար։ Ինչպե՞ս են ժողովուրդներն իրենց պատկերացնում քսանմեկերորդ դարում, ո՞ր քաղաքակրթությունների հետ են իրենց կապում, և ինչպե՞ս պետք է կազմակերպվի երկխոսությունը հռչակած ու գոյություն ունեցող արժեքների միջև։

Հինգերորդ. Անհատական ազատությունների նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը քսանմեկերորդ դարում դառնում է ակնհայտ։ Յուրաքանչյուր կառավարություն, որ կառուցում է արդի հասարակություն, պետք է առաջ քաշի ինքնադրսևորման պայմաններ:

Մենք որոշել ենք կենտրոնանալ երեք հիմնական խնդիրների վրա.

Առաջին. Մեր տարածաշրջանում շարունակվող լարվածության ու հակասությունների ներուժը գերիշխում է փոխադարձ ընդունելի որոշումների հասնելու կարողության վրա, ինչի վկայությունը փակ սահմանների գոյությունն է։

Արևելյան գործընկերության ծրագիրը մենք դիտարկում ենք, որպես բարեփոխումների ու մտածողության փոփոխության հզոր ազդակ` մեր երկրներում ստեղծելու Եվրոպական արժեքներին հավատարիմ մարդկանց մեծամասնական զանգված։ Դա կարող է օժանդակել երկխոսության, համագործակցության ու գործընկերության համար դրական մթնոլորտի ձևավորմանը մեր տարածաշրջանում։

Մեր երկրների և ԵՄ արևելյան գործընկերության միջև ամուր կապերը կարող են խթանել տարածաշրջանային ինտեգրացիան։ Երկրորդ. Մեր տարածաշրջանի պետություններում առկա է խզում հռչակված նպատակների ու դրանց հասնելու հնարավորությունների միջև։ Մենք դիտարկում ենք Արևելյան գործընկերության ծրագիրը, որպես արդիական հասարակություն կառուցելուն ուղղված բարեփոխումներն իրականացնելու արդյունավետ գործիք։

Երրորդ. Մարդիկ պետք է հնարավորություն ունենան ապրելու ու գործելու արագ զարգացող ու սեղմվող աշխարհում, որտեղ գիտելիքն առաջընթացի հիմնական շարժիչ ուժն է։

Կրթական համակարգը ոչ միայն պետք է փոխանցի գիտելիք, այլև ինտելեկտ ու քննական մտածողության կարողություններ, որոնք հիմնված են հստակ արժեքների ու վարքի չափանիշների վրա։ Հանդուրժողականությունը, հարգանքը և արդարության զգացումն ու պատասխանատվությունն արժեքներ են, որոնք պետք է ներարկվեն վաղ դպրոցական նստարանից։

Անդամակցությունը ԵԺԿ համայնքին, որն ունի քաղաքական ծրագրերի զարգացման ու իրականացման հարուստ փորձառություն, կօժանդակի համեմատաբար երիտասարդ ՀՀԿ-ին. - փոխանակել քաղաքական փորձառություն - կդյուրացնի եվրոպական արժեքների տարածումը - կխթանի ինտեգրման ծրագրերն ու նախաձեռնությունները։ Վերջապես, ԵԺԿ-ն կուղղորդի մեզ քաղաքական կամք ու արդյունավետ պետականություն ունենալու մեր ջանքերը գործադրելիս։ Մեր քաղաքական սերտ համագործակցությունը կարող է Եվրոպական համայնքի համար ինտեգրացիոն գործընթացները խթանելու հզոր գործիք լինել։

Ժամանակն է հին մտածելակերպից անցնել նոր մտածողության։

Շնորհակալություն»,- ավարտել է իր խոսքը ՀՀ վարչապետը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---