Տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի 2009թ. մրցանակների հանձնման արարողությունը

Տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի 2009թ. մրցանակների հանձնման արարողությունը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի 2009թ. մրցանակների հանձնման արարողությունը: 17 անվանակարգերում մրցանակներ են շնորհվել գիտության և արվեստի բնագավառների 21 ներկայացուցիչների: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորելով մրցանակակիրներին` նշել է, որ ամենամյա այս մրցանակաբաշխությունն իրապես կարևոր և գեղեցիկ մտահղացում է: Նախագահի խոսքով` մրցանակները ոչ միայն խրախուսում են դափնեկիրներին, այլև հասարակության առանձնահատուկ ուշադրությունը հրավիրում արվեստի և գիտության մեր վերջին նվաճումների վրա, մեծացնում հասարակության ակնկալիքները մրցանակակիրներից:

«Բոլոր մրցանակային աշխատանքները հավասարապես թանկ են մեզ համար, բայց ցանկանում եմ առանձնացնել այն երկու մրցանակակիրներին, ում գործունեությունը վերաբերում է Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորմանը և ունի դրա ժխտմանը հակազդելու առաքելություն: Կարծում եմ` բոլորիս համար էլ ակնհայտ են այս ասպարեզում արձանագրվող մեր հաջողությունների կարևորությունն ու արդիականությունը: Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ մեր երիտասարդ մրցանակակիրներին` նկարիչներին, երաժիշտներին ու գրողներին, որոնց մուտքը մեծ արվեստ այսօր նշանավորվում է մրցանակով: Հուսով եմ, որ այս իրողությունը նրանց համար խթան է լինելու և նոր փուլ է նախանշելու իրենց ստեղծագործական կյանքում: Մեր գիտնականներին մաղթում եմ արժանիորեն շարունակել ճշգրիտ գիտությունների բնագավառում մեր գիտության հարուստ ավանդույթները: Համոզված եմ, որ հատկապես նման աշխատանքներով է բարձրանալու մեր գիտության և գիտնականների մրցունակությունն արդի աշխարհում: Թե’ գիտության և թե' արվեստի նվաճումները յուրաքանչյուր ժողովրդի ապրելու և զարգանալու պարտադիր բաղկացուցիչներն են: Ստեղծելով, ստեղծագործելով ու կրթելով` մենք նոր ժամանակի շունչն ենք հաղորդում մեր ժողովրդի դարավոր երթին ու լավ արդյունքներ կարձանագրենք, եթե չպակասի հավատը, եռանդը և հարգանքը աշխատանքի ու ստեղծելու նկատմամբ: Ձեր հաջողությունները մեր երկրի ապագայի ուղին են հարթում, և ես կասկած չունեմ, որ այդ ապագան լինելու է լուսավոր ու պայծառ»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նաև երախտիքի խոսք է ուղղել ֆրանսահայ Պողոսյան ընտանիքին, ում նախաձեռնությամբ և հովանավորությամբ 2001թ. հիմնվել է ՀՀ նախագահի մրցանակը, որին մինչ օրս արժանացել են 161 անհատներ: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---