HALO Trust-ը նշում է Լեռնային Ղարաբաղում իր գործունեության 10-ամյակը

PanARMENIAN.Net - 2010թ. հունիսի 7-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում տեղի կունենա The HALO Trust կազմակերպության ԼՂՀ-ում գործելու 10-ամյակին նվիրված միջոցառում: Արարողությունը կնշանավորի ևս երկու իրադարձություն` 10 000 ականի և 10 000 կասետային ավիառումբի վնասազերծում ծրագրի մեկնարկից ի վեր:

Արարողությանը կմասնակցեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը (նա Ղարաբաղ կայցելի 70-րդ անգամ), ԼՂՀ կառավարության անդամներ, այն համայնքների ներկայացուցիչները, որոնք ականազերծման արդյունքում հնարավորություն են ստացել օգտագործել հողատարածքները:

2000 թվականից ի վեր բուն Խաչեն գյուղում և մերձակայում կազմակերպությունը ականազերծել է շուրջ 4 500 հա հողատարածք` վնասազերծելով 1,334 կասետային ավիառումբեր և 643 միավոր այլ տիպի զինամթերք , հաղորդում է Լեռնային Ղարաբաղում The HALO Trust կազմակերպության մամլո ծառայությունը:

Ականները, կասետային ավիառումբերն ու այլ զինամթերքը լայնորեն կիրառվել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի տարիներին: 1994 թվականից հետո գրանցվել է 328 տուժած` սպանված կամ հաշմված: Ականների և ռումբերի առկայութայն պատճառով գյուղացիները չէին կարողանում օգտվել նաև բերքառատ հողից:

2000 թվականից ի վեր HALO-ն միակ կազմակերպությունն է, որը զբաղվում է ականազերծմամբ ԼՂՀ տարածքում և ունի 210 աշխատակից : Անցած 10 տարիների ընթացքում HALO-ն վնասազերծել է ականներից, կասետային ավիառումբերից ու այլ զինամթերքից շուրջ 3 700 հա ականապատ հողատարածք և շուրջ 20 000 զինամթերքով պատված հողատարածք և հանձնել է այն տեղի բնակչությանը անվտանգ ու արդյունավետ օգտագործման համար: Կազմակերպությունը նաև հայտնաբերել ու վնասազերծել է շուրջ 45 000 միավոր չպայթած զինամթերք:

Ականապատ դաշտերի գրեթե 80 տոկոսը ու կասետային ավիառումբերով վնասված տարածքների 70 տոկոսն արդեն վնասազերծված է: HALO-ն գտնում է, որ մնացած տարածքների ականազերծումը կտևի 5-6 տարի, սակայն ժամկետները կախված են ֆինանսավորման ծավալից: Դոնորները խուսափում են ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղի ականազերծումը, ինչը հանգեցնում է անդառնալի հետևանքների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---