Հերման վան Ռոմպեյ. «ԵՄ-ն շահագրգռված է, որ Կովկասում կայունություն հաստատվի և այն ծաղկի»

Հերման վան Ռոմպեյ. «ԵՄ-ն շահագրգռված է, որ Կովկասում կայունություն հաստատվի և այն ծաղկի»

PanARMENIAN.Net - ԵՄ-ն ռազմավարական շահեր ունի Կովկասում կայունության, ծաղկման և ժողովրդավարության զարգացման հարցում: Այս մասին ասել է Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերի համաձայն, Արևելյան գործընկերությունը հզոր գործոն է մասնակից երկրները ԵՄ-ին և միմյանց մերձեցնելու համար: Բրյուսելից PanARMENIAN.Net ի թղթակցի հաղորդման համաձայն, Ռոմպեյը հայտարարել է, որ Հայաստան- ԵՄ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են և շուտով սկսվելու են ընկերակցային անդամության վերաբերյալ բանակցությունները:

Նա նաև հույս է հայտնել, որ ստորագրվելու է անցագրային ռեժիմի դյուրացման մասին արձանագրություն: «Մենք հույս ունենք, որ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը խթան կլինի երկրում առավել ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար: Ընկերակցային անդամության մոտալուտ բանակցությունները հնարավորություն կտան, որպեսզի Հայաստանը ԵՄ-ից ստանա ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Մենք կոչ ենք անում Հայաստանին` օգտագործել այդ հնարավորությունը», - ընդգծել է ԵՄ նախագահը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ռոմպեյն ընդգծել է, որ Եվրամիությունը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: «Տարածաշրջանում անվտանգությունը ապահովված չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա չլուծվի: ԵՄ-ն նախկինի պես աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` խելամիտ ժամկետներում և առանց նախապայմանների: Ես ուրախ եմ, որ Հայաստանն այս հարցում շարունակում է վճռականություն հանդես բերել, և տեսնում եմ նախագահ Սերժ Սարգսյանի համարձակությունը: ԵՄ-ն Հայաստանին և Թուրքիային կոչ է անում նվիրվածություն ցուցաբերել պատմական այս գործընթացում», - ընդգծել է Հերման վան Ռոմպեյը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---