Սերժ Սարգսյան. Ներկա իրավիճակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բնաջնջելու չհաջողված փորձի հետևանք է

Սերժ Սարգսյան. Ներկա իրավիճակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բնաջնջելու չհաջողված փորձի հետևանք է

PanARMENIAN.Net - «Ես կարևորում եմ այս այցելությունը, քանի որ այն առաջինն է ԵՄ-ի և աշխարհի համար կարևոր Լիսաբոնյան պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո»,-ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպույի հետ հանդիպումից հետո: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Բրյուսելից, Հայաստանի նախագահն ասել է, որ Հայաստան- ԵՄ հարաբերությունները գտնվում են դիանմիկ զարգացման փուլում: «Եվրամիությունն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար ոչ միայն որպես միջազգային ասպարեզում կարևոր դերակատար, այլ նաև մեր երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին բազմաբնույթ օժանդակություն ցուցաբերող կողմ: Հանդիպման ընթացքում մենք անդրադարձանք մի շարք հարցերի` ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրին, համագործակցության խորացման, ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հարցերին: Ես մատնանշեցի, որ առևտրային արտոնությունների տարածումը Հայաստանի վրա կնպաստեն նրան, որ Հայաստանի արտահանման կառուցվածքում ավելանա եվրոպական շուկայի չափաբաժինը: Քննարկեցինք, թե ինչպես դարձնենք մեր համագործակցությունն առավել շոշափելի քաղաքացիների, սովորողների և աշխատող մարդկանց համար: Եթե առաջ շարժվենք ասոցիացման պայմանագրի ու մուտքի արտոնագրերի պարզեցման ուղիով, ապա կարող ենք ասել, որ մենք այս բնագավառում հասել ենք մեր առջև դրված նպատակներին»,-ասել է Սերժ Սարգսյանը:

«Ես իմ գոհունակությունը հայտնեցի ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպույին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ-ի աջակցության համար: Ես ընդգծեցի, որ Հայաստանն ուրախ կլինի, եթե Թուրքիան կարողանա համապատասխանել ԵՄ չափանիշներին, քանի որ այդ դեպքում մենք գործ կունենանք որակապես մեկ այլ` ավելի կանխատեսելի և կայուն երկրի հետ: Մենք համաձայնվեցինք, որ Եվրոպայում չպետք է տեղ լինի բաժանարար գծերի և փակ սահմանների համար, անդրադարձանք նաև ԼՂ հակամարտությանը, նշելով, որ այն, ինչպես նաև այլ հակամարտությունները, կարող են լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց ուժի և դրա սպառնալիքի գործադրման: Մեզ համար տարօրինակ են Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի երկրների մասին զեկույցի որոշ դրույթներ: Լեռնային Ղարաբաղում երբևէ չեղած և Ղարաբաղի խնդրով զբաղվող մասնագետների հետ չխորհրդակցած պատգամավորը կոչ է անում ինչ-ինչ քայլեր ձեռնարկել` հաշվի չառնելով ոչ բանակցությունների մանրամասները, ոչ ներկա իրավիճակը: Չեմ կարծում, որ նման ճանապարհը ճիշտ է: Ղարաբաղի պատերազմը մեզ պարտադրվել է և ներկա իրավիճակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բնաջնջելու չհաջողված փորձի հետևանք է»,-ասել է Սերժ Սարգսյանը Բրյուսելում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---