Կոնստանտին Զատուլին. «Ես պարտավոր չեմ և Ադրբեջանի ԱԳՆ-ից թույլտվություն չեմ խնդրելու Հայաստան կամ ԼՂՀ այցելելու համար»

Կոնստանտին Զատուլին. «Ես պարտավոր չեմ և Ադրբեջանի ԱԳՆ-ից թույլտվություն չեմ խնդրելու Հայաստան կամ ԼՂՀ այցելելու համար»

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի իշխանությունները արգելել են ՌԴ Պետդումայի հինգ պատգամավորների մուտքը հանրապետություն, ովքեր Լեռնային Ղարաբաղում դիտորդական առաքելություն էին իրականացրել: Նրանց թվում է նաև ձեր խոնարհ ծառան: Գիտեք, ես Ուկրաինա մուտք գործելու իրավունք ևս չունեի: Եվ կարող եմ ասել, որ դա իմ հեղինակությունը բարձրացրեց այդ երկրում, այնպես որ նոր իշխանությունների գալուց անմիջապես հետո անցանկալի անձի կարգավիճակն իմ վրայից անմիջապես հանվեց: Իհարկե, Ադրբեջանում ստեղծված իրավիճակը նույնանման չէ, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանին, որ ես երբեք չեմ ձգտել այնտեղ գնալ: 1991 թ.-ից մինչ օրս ես այնտեղ ընդամենը մեկ անգամ եմ եղել, այն էլ Ադրբեջանում անցկացվող ռուս հայրենակիցների միջազգային խորհրդի նիստի կապակցությամբ», - հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նա նաև նշել է, որ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանին: «Սակայն դա չի նշանակում, որ ես պետք է թույլտվություն խնդրեմ այդ երկրի ԱԳՆ-ից` այցելել, թե՞ չայցելել Հայաստան կամ Լեռնային Ղարաբաղ: Ես գտնում եմ, որ դա անմիտ որոշում է, ինչն էլ ապացուցում է, որ Ադրբեջանում կան մարդիկ, որոնց նյարդերը չեն դիմանում, իսկ դա վատ է, քանի որ Կովկասում տեղի ունեցող յուրաքանչյուր խնդիր պահանջում է համբերատարություն, իսկ ղարաբաղյան խնդիրը` հատկապես: Ես չեմ հավատում, որ Ղարաբաղը կվերադառնա Ադրբեջանի իրավասության ներքո: Դա հնարավոր է միայն Ղարաբաղի և Հայաստանի ռազմական պարտության դեպքում, այսինքն` պատերազմի, որ ես որևէ մեկին խորհուրդ չեմ տա սկսել, և որևէ մեկին նման կոչ չեմ անում: Ինձ համար ակնհայտ է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հնարավորություն գոյություն ունի: Այդ մասին ես ասել եմ Երևանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում: Ավելին, ուզում եմ նկատել, որ ես միշտ մասնակցել եմ Լեռնային Ղարաբաղի ընտրություններին (նախագահական, թե խորհրդարանական), երբ հրավիրել են: Կարծում եմ, որ Ադրբեջանում զգացումների այս ճողփյունը կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրումից հետո այնտեղ առաջացած լարվածության հետ; Դրա հետ կապված Ադրբեջանում բուռն կերպով շրջանառվում էր Ղարաբաղի հարցը, որպեսզի խոչընդոտեն հայ-թուրքական մերձեցումը: Քանի որ դրանով զբաղված անձինք այլևս չեն կարողանում զսպել իրենց, հիմա էլ իրենց այդ գիծը փոխադրել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ուղղու վրա»,- ասել է Զատուլինը:

ՌԴ Պետդումայի պատգամավորը հարց է տալիս` «ի՞նչ վտանգ ենք ներկայացնում Ադրբեջանի համար ես կամ իմ ընկեր պատգամավորները` Ղարաբաղ գնալով կամ ընտրություններին մասնակցելով: Այդ ընտրություններին մասնակցում էին արեւմտյան շատ երկրների ներկայացուցիչներ: Օրինակ` Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակը, որը հիմա պատգամավոր է: Ես ուզում եմ իմանալ` նրանք բոլո՞րն են անցանկալի անձ հայտարարված, թե՞ այդ ընտրությունը միայն ռուս պատգամավորների հանդեպ է կիրառվում: Եվ հետո, ինչ է, ավելի լավ կլիներ, որ Ղարաբաղում ընտրություններ չլինեի՞ն, և դրանց ոչ մի դիտորդ ներկա չլինե՞ր; Ղարաբաղը այսօրվա վիճակով ապրում է 1994 թ.-ից, երբ ավարտվեցին ակտիվ ռազմական գործողությունները: Իմիջիայլոց, արդեն 16 տարի է: Այդ ընթացքում մի սերունդ է աճել: Եթե մենք անդադար հայտարարենք, որ չենք ճանաչում Ղարաբաղը և նրա ընտրությունները, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մոտալուտ չի լինի: Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ինչ-որ մեկն իրեն լավ կզգա, եթե Լեռնային Ղարաբաղում բռնատիրություն հաստատվի, ինչը կվերացներ ամեն տեսակի ընտրությունները: Այդ ժամանակ նրանք առավոտից երեկո կպատմեին, թե ինչ ժողովրդավարություն է տիրում Ադրբեջանում և ինչ տոտալիտար կառույց, դիկտատուրա է Լեռնային Ղարաբաղում: Ցանկանում եմ նշել, որ Ղարաբաղում իշխանությունը ժառանգաբար չի փոխանցվում հորից որդուն, ոինչեպս որոշ այ երկրներում, որոնք հավակնություն ունեն Ղարաբաղի հանդեպ: Ուստի, հայտարարություններ անելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ: Ես վշտացած եմ, սակայն ողբերգություն չեմ տեսնում դրանում, և չեմ պատրաստվում խնդրել Ադրբեջան գնալու հնարավորություն ձեռք բերելու համար` այնպիսի հայտարարության դիմաց, որով հրաժարվեի իմ դիրքից: Այս դիրքը ես վաղուց եմ գրավում, և այն իմ խորհրդածությունների հիմքն է: Այնպես որ ոչ Ուկրաինայի, ոչ Ադրբեջանի, ոչ այլ երկրի արգելքները չեն ստիպի ինձ փոխել իմ դիրքորոշումը», - ասել է Զատուլինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---