Յուրի Խաչատուրով. Թող ոչ ոքի մտքով չանցնի, որ մենք կարող ենք գեթ մի թիզ հող զիջել

Յուրի Խաչատուրով. Թող ոչ ոքի մտքով չանցնի, որ մենք կարող ենք գեթ մի թիզ հող զիջել

PanARMENIAN.Net - «Ես շնորհավորում եմ ձեզ և ձեր մարտական ընկերներին, որոնք այժմ մարտական առաջադրանք են կատարում Աֆղանստանում ու Կոսովոյում, մարտական դրոշի հանձնման կապակցությամբ»,-հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը` ՀՀ նախագահի հրմանագրով ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադին դրոշի հանձնման հանդիսավոր արարողությանը:

Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ դրոշի հանձնումից հետո խաղաղապահ բրիգադը կդառնա լիարժեք զորամաս: «Լավ կատարեք տարբեր երկրներում ձեր առջև դրվող խնդիրները: Դուք պետք է միշտ հիշեք, որ ձեր գլխավոր նպատակն է պաշտպանել հայրենիքը և միշտ պատրաստ լինել դրան»,-ասել է Խաչատուրովը:

Ինչպես նշել է գլխավոր շտաբի պետը, ղարաբաղյան պատերազմի տարիներին երևանյան գնդում կազմավորվեցին առաջին մարտական ջոկատները, որոնք գնացին կռվելու: «Մարտիկներից շատերը մնացին մարտի դաշտում: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, իսկ այդ պատերազմը պարտադրվեց մեզ թշնամու կողմից: Մեզ օտար հող պետք չէ, մենք պաշտպանում ենք մեր տարածքները»,-ասել է Խաչատուրովը` հավելելով, որ հայկական կողմն այնքան հող չունի, որ ուրիշներին տա: «Դուք պետք է հասկանաք`այն ամենն, ինչ մենք ունենք Ղարաբաղի հետ միասին, մեզ է պատկանում և թող ոչ ոքի մտքով չանցնի, որ մենք կարող ենք գեթ մի թիզ հող զիջել»,-հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը:

Իր հերթին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ խաղաղապահ բրիգադն արդեն իսկ կայացած զորամաս է, այդ պատճառով էլ արժանացել է մարտական դրոշի: «Այսօր Խաղաղապահի միջազգային օրն է, սակայն այսուհետ մայիսի 29-ը կնշվի նաև որպես մեր զորամասի օր»,-ասել է նա:

Հանդիսավոր արարողության ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով անբասիր ծառայության համար գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին խաղաղապահ բրիգադի սպայակազմի մի շարք ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---