ԲարՔեմփի մասնակիցները ՀՀ կառավարությանը կոչ արեցին զարգացնել հայոց լեզվով էլեկտրոնային բովանդակությունը

PanARMENIAN.Net - ԲարՔեմփի մասնակիցները Հայաստանի վարչապետին դիմել են Հայաստանում հայոց լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացման ազգային ռազմավարություն մշակելու խնդրանքով: Տիգրան Սարգսյանին ուղղված դիմումում, որի տակ ստորագրել են ԲարՔեմփ խորհրդաժողովի մոտ 190 մասնակիցներ, շոշափվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են pետական կառույցների ամբողջ գրագրությունը միայն յունիքոդ տառատեսակներով կատարելը, տեղեկատվական անվտանգության նպատակով պաշտոնական էլեկտրոնային փաստի հասցեների օգտագործումը պետծառայողների պաշտոնական նամակագրության համար: Մասնակիցները կառավարության ղեկավարին կոչ արեցին նաև քայլեր ձեռնարկել հայկական տառերի նշագրում ունեցող համակարգչային ստեղնաշարի լայն տարածման համար:

«Դիմումը հետաքրքրեց ԲարՔեմփի մասնակիցներին, քանի որ դրանում շոշափվում են մի շարք կարևոր խնդիրներ: Իսկ ինչպես խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ նշեց վարչապետը, ինքը ծանոթ չէ շատ խնդիրներին, և մենք որոշեցինք տեղեկացնել նրան»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ակցիայի նախաձեռնողներից մեկը` Ակադեմիական համագործակցության ու աջակցության հայկական ասոցիացիայի (ARMACAD) նախագահ Խաչիկ Գևորգյանը:

Պետական կայքերի թվում, որտեղ չի օգտագործվում յունիքոդ համակարգը, նշվում են Արտաքին գործերի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության, Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստանի, ՀՀ Ոստիկանության, ՀՀ Սահմանադրական դատարանի, Քաղաքացիական ավիացիայի, ՀՀ Կենտրոնական բանկի և այլ կայքեր:

ԲարՔեմփ ճամբարը Հայաստանում կայացավ հունիսի 4-6-ը: Խորհրդաժողովը ենթադրում է ոչ պաշտոնական միջավայր` նախապես չծրագրված ներկայացումներով, որոնք վերաբերում են ՏՏ և Ինտերնետի ոլորտներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---