Արցախի խորհրդարանի խոսնակը Ֆրանսիայի խորհրդարանականների հետ քննարկեց ղարաբաղյան կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը: Ֆրանսիացի խորհրդարանականների եռօրյա ճանաչողական այցը Ստեփանակերտ իրականացել է ԼՂՀ իշխանությունների հրավերով, որը կատարվել է դեռևս անցյալ տարվա հոկտեմբերի վերջերին, երբ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցով գտնվում էր Ֆրանսիայում:

Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը և նույն խմբի քարտուղար Ժան-Պիեռ Դելանուան, Ռիշար Մալիեն, Առլետ Գրոսկոստը, Ռընե Ռուքեն, Միշել Դիֆենբաքերը, Պասկալ Կրոզոն: Պատվիրակությանն ուղեկցում է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահը կարևորեց վերջին շրջանի շփումները երկու խորհրդարանների միջև: «Պարոն Ռոշբլուանի հետ սա մեր երրորդ հանդիպումն է մեկ տարվա ընթացքում, որից երկուսը կայացել են Արցախում, և ես անչափ ուրախ եմ, որ նա այս անգամ Արցախ է ժամանել իր գործընկերների հետ, ովքեր կամ ծանոթ են, կամ դեռ նոր պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղը»,- ասաց նա:

Զրույցի ժամանակ հիմնականում շոշափվեցին Արցախի ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակներին, ԼՂՀ վերջին խորհրդարանական ընտրություններին, ղարաբաղյան կարգավորման գործընթացին, խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման անհրաժեշտությանը և այլ խնդիրների առնչվող թեմաներ, որոնց վերաբերյալ ԱԺ նախագահը հանգամանալի պարզաբանումներ տվեց:

Համաձայն այցի ծրագրի, հանդիպումն այնուհետև շարունակվեց ընդլայնված կազմով` ԱԺ պատգամավորներ Արթուր Թովմասյանի, Արպատ Ավանեսյանի, Վահրամ Աթանեսյանի և Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---