Էրդողանը ցանկանում է խեղաթյուրել թուրք-իսրայելյան գործընկերությունը

Էրդողանը ցանկանում է խեղաթյուրել թուրք-իսրայելյան գործընկերությունը

PanARMENIAN.Net - Իսրայելի հասցեին գնալով ավելի հաճախ կտրուկ արտահայտություններով հանդես եկող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պարծենկոտությունը վկայում է թուրք-իսրայելյան գործընկերությունը խեղաթյուրելու ցանկության մասին, գրում է Le Monde-ը:

Փարիզի Քաղաքական գիտությունների դպրոցի (Sciences Po) դասախոս Ֆրեդերիկ Անսելի կարծիքով, «նման խզումը իսլամա-պահպանողական կառավարության կողմից անցկացվող խորը դիվանագիտական վերակենտրոնացման մի մասն է, որի նպատակն է Թուրքիային առաջատար մերձավորարևելյան տերություն դարձնել»: Սակայն նման հզորացմանը խոչընդոտում են աշխարհաքաղաքական բնույթի մի շարք դժվարություններ, գտնում է Անսելը:

Նախ, ագրեսիվ իրանական պանշիիզմը միջուկային մրցարշավի հետ միասին վախեցնում է սուննիական արաբական երկրներին, որոնք պաշտպանություն են փնտրում ամերիկացիների ու ֆրանսիացիների մոտ և դրական վերաբերմունք ունեն Իսրայելի նկատմամբ Իրանի հետ կապված զինված խմբավորումների հանդեպ նրա դաժանության համար: Ավելին, Եգիպտոսը Թուրքիային թույլ չի տա իրենից խլել առաջատարությունը արաբա-մուսուլմանական աշխարհում, և դրանում նրան կօժանդակի Արաբական պետությունների լիգան: Երկրորդը, Անկարան Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ռազմավարության սահմանափակության է բախվում, քանի որ այդ տարածաշրջաններում Ռուսաստանի ու Իրանի հետ ալյանսի ձգտումը կարող է «վիրավորել» ավանդական դաշնակցին` Ադրբեջանին: «Չնայած որոշակի լեզվային ընդհանրությանը, Կենտրոնական Ասիայի երկրները Թուրքիայի փոխարեն գերապատվությունը տալիս են ավելի խոշոր պաշտպաններին կամ հաճախորդներին` Ռուսաստանին, Չինաստանին և ԱՄՆ-ին»,- ընդգծում է հոդվածի հեղինակը: Երրորդը, զարգացող երկրների հետ գործընկերությունը կարող է արդյունավետ չստացվել և առաջ բերել ՆԱՏՕ-ի դժգոհությունը: «Եթե Անկարան չափազանց հակաարևմտյան ռազմավարություն ընտրի, ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները կարող են քայլեր ձեռնարկել նրա մարգինալիզացման համար», քանի որ Թուրքիայի կշիռն ալյանսում պատերազմի ավարտից հետո զգալիորեն նվազել է: Եվ վերջապես, ամերիկյան հասարակական կարծիքով նշմարվում է լուրջ հակառակորդի հայտնվելը, որը ձևավորվում է հրեական ու հայկական սփյուռքերի ձուլումից: «Էրդողանի սուր արտահայտություններն ուժեղացնում են այդ միտումն այն հրեական կազմակերպություններում, որոնք շատ ավելի մոտ են իրենց հայ գործընկերներին»,- նշում է Անսելը:

Դեպի իշխանությունն իր ձգտման հարցում գոնե ինչ-որ հույսեր պահպանելու համար Թուրքիան պետք է ավելի մեծ բան գտնի, քան իսրայելյան խրտվիլակն է, ամփոփում է փորձագետը, հաղորդում է InoPressa-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---