«Ոսկե ծիրանի» բացման և փակման արարողությունը կանցկացնի Սերժ Ավեդիքյանը

«Ոսկե ծիրանի» բացման և փակման արարողությունը կանցկացնի Սերժ Ավեդիքյանը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման և փակման արարողությունը կանցկացնի «Շների կղզի» ֆիլմի ռեժիսոր, 2010 թվականի Կաննի կինոփառատոնի ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր Սերժ Ավեդիքյանը»,- հունիսի 18-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Ոսկե Ծիրան կինոփառատոնի արտ-տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Նա նշել է նաև, որ փառատոնը կբացի Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը` կապված ռեժիսորի հոբելյանի հետ:

Այս տարի փառատոնի յուրահատկություններից մեկն այն է, որ գեղարվեստական ֆիլմերի մրցութային ծրագրի մեջ մտել են ոչ թե 11 կամ 12 ֆիլմեր, ինչպես դա նախորդ տարիներին էր, այլ 13: «Մենք մրցութային ֆիլմերի ցուցակում ընդգրկել ենք Սերգեյ Լոզնիցայի «Իմ երջանկությունը» ֆիլմը, որը մասնակցել է Կաննի կինոփառատոնին և լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ է ստացել մոսկովյան «Կինոտավր» կինոփառատոնում: Այնտեղ էլ Սերգեյ Լոզնիցան հանդիպեց Հարություն Խաչատրյանի հետ և ցանկացավ մասնակցել «Ոսկե ծիրանին»: Չնայած, որ ֆիլմերի ընտրությունն արդեն ավարտվել էր, մենք, այնուամենայնիվ, ցուցակի մեջ ներառեցինք ֆիլմը երկու պատճառով: Նախ, «Իմ երջանկությունը» ֆիլմը շատ հետաքրքիր է, և երկրորդը, մենք վաղեմի բարեկամական հարաբերություններ ունենք ռեժիսորի հետ. նրա ֆիլմերը ցուցադրվել են երկու «Ոսկե ծիրանների» ժամանակ»,- ընդգծել է փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Ինչպես և նախորդ տարիներին, փառատոնում առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի «Հայկական պանորամա» ծրագրին, որի շրջանակներում կցուցադրվի նաև ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն» ֆիլմը: Ի դեպ, սա այն եզակի փաստագրական ֆիլմերից է, որը երկու օր` հունիսի 20-ին և 22-ին, կցուցադրվի Մոսկվայի կինոթատրոններից մեկում:

Նույն այդ մրցութային ծրագրի շրջանակներում Հայաստանում Բրիտանական խորհուրդը (BC) հատուկ մրցանակ է սահմանել. այդ ծրագրում լավագույն ֆիլմը կմասնակցի Բրիստոլի կինոփառատոնին: Դրա հետ կապված ծախսերը կհոգա BC-ն:

«Ոսկե ծիրան» փառատոնը կփակի Սերժ Ավեդիքյանի «Շների կղզի» ֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---