Դավիթ Ամիրյան. Մանկական հոգեկերտվածքի վրա ազդում են ոչ այնքան ԶԼՄ-ները, որքան ինտերնետն ու ցանցային խաղերը

Դավիթ Ամիրյան. Մանկական հոգեկերտվածքի վրա ազդում են ոչ այնքան ԶԼՄ-ները, որքան ինտերնետն ու ցանցային խաղերը

PanARMENIAN.Net - «Մանկական հանցավորության պատճառ են հանդիսանում երեք հիմնական գործոններ` ուշադրության պակասն ընտանիքում, սոցիալական խնդիրները և նոր միջավայրը, սակայն մանկական հանցավորության մակարդակը Հայաստանում նվազում է»,-ասել է Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հունիսի 21-ին կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, սխալ կլինի բացասաբար գնահատել Հայաստանի ոստիկանության աշխատանքը կրթական հաստատությունների հետ, քանի որ իրավապահ մարմինների աշխատակիցները բավական ակտիվ աշխատանք են տանում ինչպես դպրոցների աշակերտների, այնպես էլ ուսուցիչների հետ: «Սակայն աշխատել հարկավոր է ոչ միայն դպրոցում, այլ նաև բակում, ինչը զգալիորեն կնվազեցնի մանկական հանցավորության մակարդակը»,-ասել է նա:

Սակայն, ըստ ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Ամիրյանի, եթե անչափահասն առնչվում է ոստիկանության հետ, դա արդեն ծայրահեղություն է, և եթե «մենք չգտնենք երեխայի վատ վարքի պատճառը, ապա հոգեբանների աշխատանքը չի կարելի օգտակար համարել»:

Ըստ նրա, հարկավոր է ուսումնասիրել երեխայի ամբողջ ճանապարհը` նորմալ վարքից մինչև հանցագործություն և որոնել դրա պատճառներն ընտանիքում, շրջապատում, դպրոցում, բոլոր սոցիալական ինստիտուտներում: «Ոչ մի երեխա չի կանգնի ու կոտրի դպրոցի պատուհանն հենց այնպես, միայն ջարդվող ապակու ձայնը լսելու համար, դա դժգոհության, ընդվզման արտահայտություն է երեխայի կողմից, և մեր նպատակն է պարզել, թե որն է այդ ընդվզման իրական պատճառը»,-ասել է Դավիթ Ամիրյանը:

Անդրադառնալով ԶԼՄ-ների կողմից բռնության քարոզչության խնդրին` հոգեբանը նշել է, որ այսօրվա դրությամբ ԶԼՄ-ների ազդեցության մակարդակն երեխաների վրա աճել է մի քանի անգամ, սակայն, այժմ շատ ավելի մեծ է ինտերնետի և ցանցային խաղերի ազդեցությունը, քանի որ երեխաները շատ վաղ տարիքից են սկսում խաղալ այդ խաղերը, երբ նրանց հոգեբկան աշխարհը դեռևս չի ձևավորվել:«Այդ տարիքում երեխաները հեշտ են ընկնում այլոց ազդեցության տակ, և եթե նրանք վատ շրջապատում են հայտնվում, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Եվ այս գործում գլխավոր դերը պատկանում է ծնողներին»,-ասել է Ամիրյանը`հավելելով, որ սիրո, հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված ընտանիքում երեխան ընդվզման և համապատասխանաբար հանցագործության համար պատճառներ չի ունենա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---