Տարածաշրջանային լուծումներում չի կարելի և հնարավոր էլ չէ անտեսել Իրանը

Տարածաշրջանային լուծումներում չի կարելի և հնարավոր էլ չէ անտեսել Իրանը

PanARMENIAN.Net - Համաշխարհային փորձի խտացումը վկայում է, որ մարդիկ ոչնչի շուրջ պատրաստ չեն ավելի արագ համաձայնության գալ, քան տնտեսական շահի շուրջ: Այս մասին հունիսի 22-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Գերմանիայի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում: Նրա խոսքերով, բոլոր օրինակներն ապացուցում են տնտեսական համագործակցությամբ ինտեգրացման և քաղաքական խնդիրների լուծման երկարաժամկետ կայունությունը:

Հարավային Կովկասը կարող է համադրել բոլոր կողմերի՝ գործընկեր երկրների, տարածաշրջանային առաջնորդների, ներդրողների շահերը: Իրավիճակը, երբ բոլորը` գերտերությունները, տարածաշրջանային առաջատարներն ու շահագրգիռ մյուս կողմերը, հնարավորություն ունեն փոխլրացման ճանապարհով արդյունավետորեն բավարարել իրենց շահը, ունակ է հետ պահել ցանկացած մեկին ամեն ինչ խառնելու գայթակղությունից, ասել է նախագահը:

«Ես հասկանում եմ, որ Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների լույսի ներքո որոշ սկեպտիկներ թերահավատությամբ կվերաբերվեն իմ այս մոտեցմանը, բայց վստահ եմ, որ տարածաշրջանային լուծումներում չի կարելի և հնարավոր էլ չէ անտեսել Իրանը: Տարածաշրջանի համար խիստ կարևոր է Իրանի՝ վտանգված լինելու զգացման փարատումը: Առանց դրա չկա լուծում ո՛չ վաղվա խնդիրների, ո՛չ էլ նույնիսկ այսօրվա միջուկային խնդրի համար:

Իսկ արդյո՞ք հարավկովկասյան “տնտեսական կարկանդակը” կբավարարի բոլորին: Միգուցե փոքր կարկանդակի մասնատումը շատերի ախորժակը չի կարող բավարարել, բայց ճիշտ լուծումը կարկանդակը մեկին կամ երկուսին հանձնելը չէ, առավել ևս, որ դրանով խնդիրները միայն սկսվում են: Ուղղակի անհրաժեշտ է թխել ավելի մեծ կարկանդակ»,-ասել է նախագահը:

«Եթե խոսում ենք էներգետիկայի մասին, ուրեմն տարածաշրջանը էներգակիրների աղբյուրից պետք է վերածել էներգետիկ հանգույցի: Եթե խոսում ենք փակուղու և փակ սահմանների մասին, դրանց փոխարեն տարածաշրջանը պետք է դարձնել հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը կապող տրանսպորտային հանգույց: Անհրաժեշտ է բազմազանեցնել ծրագրերի ուղղվածությունը: Միայն արևելքից արևմուտք ձգվող նավթամուղներն ու գազամուղները, հաղորդակցության ուղիները չեն կարող ապահովել կայունություն, անվտանգություն և բարգավաճում տարածաշրջանում:

Վերջին տարիներին մենք նախաձեռնել ենք մի քանի խոշոր ծրագրեր: Էական զարգացումներ ունենք էներգետիկայի ոլորտում: Ավարտելով նոր ձերմաէլեկտրակայանի կառուցումը և շարունակելով հնի շահագործումը` մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանում ԱԷԿ-ի նոր, առավել հզոր բլոկի կառուցմանը: Արդյունքում մեր երկիրը կարող է դառնալ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի կարևոր մատակարար:

Մենք սկսում ենք նաև Վրաստանի նավահանգիստները Հայաստանի տարածքով Իրանի սահմանին կապող ժամանակակից արագընթաց ճանապարհի կառուցման աշխատանքները: Ծրագրում ենք նաև սկսել Հայաստան-Իրան երկաթուղու նախագծման աշխատանքները: Այս ենթակառուցվածքային ծրագրերն իսկապես հեղափոխական նշանակություն կարող են ունենալ տրանսպորտային հաղորդակցության առումով` Սև ծովը կապելով Պարսից ծոցին և Հնդկական օվկիանոսին, իսկ Իրանի միջոցով նաև Միջին Ասիային և ապագայում` մինչև Պակիստան ու Հնդկաստան:

Այս խոշոր ծրագրերի աջակիցներ ու հովանավորներ փնտրելիս մենք վերցրել ենք խիստ լայն սպեկտր` Վաշինգտոնից մինչև Մոսկվա, Բրյուսելից մինչև Պեկին ու Տոկիո: Եվ խնդիրը չի սահմանափակվում սոսկ պոտենցիալ ներդրողների որոնմամբ: Մեր պատկերացմամբ խնդիրն ավելի լայն է` ապահովել պոտենցիալ շահագրգիռ երկրների լայն ցանց և դրանով իսկ հնարավորինս լայն շահերի համադրում: Մենք իրապես կցանկանայինք տեսնել եվրոպական հսկաների` Գերմանիայի, Ֆրանսիայի ավելի մեծ ակտիվություն այս ուղղությամբ: Ի վերջո հարցն այն չէ` պատրա՞ստ եք դուք ներդրում կատարել այս կամ այն ծրագրում: Հարցն ավելի լայնամասշտաբ է` պատրա՞ստ եք դուք ներդրում կատարել տարածաշրջանի ապագայի համար:

Դիտարկելով խնդիրը զուտ տնտեսական շահավետության տեսակետից, մենք անտեսում ենք ամենակարևոր բաղադրիչը` անվտանգության և համաչափ զարգացման մակարդակի էական բարձրացումը: Ի վերջո, պնդումը, թե տարածաշրջանի ներքին խնդիրները լոկ տարածաշրջանի ներքին խնդիրներն են և անհրաժեշտության դեպքում դրանք կարելի է սառեցնել տարածաշրջանային մակարդակով, դեռևս ապացուցման կարիք ունի:

Ուզում եմ նաև հակադարձել տարածված այն տեսակետ-մոտեցմանը, ըստ որի սկզբում անհրաժեշտ է հասնել ընդհանուր քաղաքական լուծման, որից հետո կարելի է համաձայնությունը “յուղել” տնտեսական առատ աջակցությամբ: Խիստ կասկածներ ունեմ մեր տարածաշրջանում նման մոտեցման կենսունակության վերաբերյալ: Նման մոտեցումն աշխատում է այն իրավիճակներում, երբ հստակորեն առկա է պայմանավորվածության կատարման “պարտադրող կողմը”, ում լիազորությունները չեն վիճարկվում և չեն վիճարկվելու որևէ մեկի կողմից: Այդ մոտեցումը աշխատում է Բալկաններում, բայց “պարտադրող կողմի” բացակայության պայմաններում չի աշխատել բազում այլ վայրերում, ամենավառ օրինակը Պաղեստինն է»,-ասել է Սերժ Սարգսյանն իր ելույթում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---