Տիգրան Սարգսյան. Հայաստանի շինարարության ոլորտը դուրս է գալիս ճգնաժամային իրավիճակից

Տիգրան Սարգսյան. Հայաստանի շինարարության ոլորտը դուրս է գալիս ճգնաժամային իրավիճակից

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը, շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առիթով նշել է. «2009 թվականը լուրջ փորձության տարի էր առաջին հերթին շինարարության ոլորտի համար։ Մենք ունեցանք կապիտալ ներդրումների էական նվազում, և առաջին հերթին շինարարության ոլորտում, որի արդյունքն արձանագրեցինք ամբողջ տնտեսական համակարգի վրա»:

Տիգրան Սարգսյանը գտնում է, որ 2010 թվականի առաջին կիսամյակի միտումները ցույց են տալիս, որ ոլորտը փուլ առ փուլ դուրս է գալիս ճգնաժամային իրավիճակից, և դրան էապես նպատում են նաև այն մեծածավալ ծրագրերը, որ այսօր ֆինանսավորվում են պետական բյուջեից։ «Այս աշխատանքները շարունակվելու են, և չափազանց կարևոր է, որ քաղաքաշինության նախարարության նոր նախաձեռնությունները ավելի բազմազան են դարձնում այն գործառույթները, որով զբաղվում են այսօր շինարարները»,- ավելացրել է նա:

Բացի դրանից, վարչապետը կարևորել է քաղաքաշինության նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրերը։ «Այսօր մենք ցանկանում ենք այնպիսի նոր խոսք ասել շինարարության ոլորտում, որով հպարտանալու է նաև երիտասարդ սերունդը։ Համոզված եմ, որ Հայաստանում կա բավարար ներուժ, ունակություններ, որպեսզի մենք կերտենք հիասքանչ հանրապետություն։ Շատ կարևոր է ձեր դերակատարությունը մեր ապագայի կերտման գործում», -ասել է Տիգրան Սարգսյանը։

Շինարարի օրվա կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառի զարգացման գործում ներդրած ավանդի համար ոլորտի մի շարք աշխատակիցներ խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ քաղաքաշինության նախարարի շնորհակալագրերով և ոսկե մեդալներով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---