Աբդուլլահ Գյուլ. Մենք Կովկասը կադարձնենք կայուն համագործակցության տարածաշրջան

Աբդուլլահ Գյուլ. Մենք Կովկասը կադարձնենք կայուն համագործակցության տարածաշրջան

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում մենք արդեն գտնվում ենք որոշիչ փուլում, քանի որ վերջին 5-6 տարիների ընթացքում անցկացված հանդիպումները հանգեցրել են որոշակի առաջարկների: Այդ մասին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքերով, այդ առաջարկությունները Մինսկի խմբի կողմից ներկայացվել են Հայաստանին և Ադրբեջանին և հավասարակշռող էություն ունեն: «Առաջարկությունների ընդունման դեպքում կարելի է լուծել հարցը խաղաղ ճանապարհով»,- ասել է Ալիևը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին` նա ասել է, որ դա ապագայի հարց է: «Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք չի տա իր համաձայնությունն Ադրբեջանի սահմաններից դուրս Լեռնային Ղարաբաղի ցանկացած կարգավիճակի համար, և միջազգային իրավունքի նորմերը պաշտպանում են այդ դիրքորոշումը»:

Իր հերթին, Թուրքիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ նրանք Կովկասը կդարձնեն կայուն համագործակցության տարածաշրջան: «Դրա համար ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծում ստանա: Այս հակամարտությունը շարունակվում է 18 տարի, հետագայում այդպես չպետք է լինի: Դրա համար պետք է հանդիպել, քննարկումներ անցկացնել, իրականացնել երբեմն բաց, երբեմն էլ գաղտնի դիվանագիտական գործունեություն»,- ասել է Աբդուլլահ Գյուլը, հաղորդում է 1news.az-ը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---