Բակո Սահակյան. Մուսալեռցիների հերոսական օրինակն ու ազատատենչ ոգին 95 տարի շարունակ ոգեշնչել են սերունդներին և կոչել նոր խիզախումների

Բակո Սահակյան. Մուսալեռցիների հերոսական օրինակն ու ազատատենչ ոգին 95 տարի շարունակ ոգեշնչել են սերունդներին և կոչել նոր խիզախումների

PanARMENIAN.Net - «Անչափ ուրախ եմ, որ առիթ ունեմ այսօր հանդիպել ձեզ հետ և բոլորիդ փոխանցել արցախցիների ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Անսահման ուրախ եմ նաև, որ Լիբանանի այս գողտրիկ անկյունում արթուն եմ տեսնում հայկական շունչն ու ոգին, լեզուն ու մշակույթը, հավատը և դարերի խորքից եկող մեր ավանդույթներն ու սովորությունները»,- ողջույնի խոսքում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մուսա լեռան պաշտպանության 95-ամյակին և Այնճարի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

«Ճակատագրի բերումով հայ ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ: Եվ որտեղ էլ բնակություն է հաստատել նա` նախևառաջ հիմնադրել է դպրոցներ, կառուցել եկեղեցիներ, միշտ վառ պահել հայրենի օջախի կրակը: Դա է մեր ժողովրդի հարատևության գաղտնիքը և այն խորհուրդը, որը պետք է իր մեջ կրի յուրաքանչյուր հայ ու փոխանցի իր զավակներին: Եվ հենց դրա փայլուն վկայությունն է այս հեռավոր երկրում ծաղկող ու բարգավաճող հայկական գեղեցիկ Այնճարը, որը դարձել է ձեր երկրորդ հայրենիքը: Շնորհակալություն ձեզ` ձեր հայրենասիրության ու անկոտրում կամքի, ձեր անձնազոհության ու սխրանքի համար: Մուսալեռցիների հերոսական օրինակն ու ազատատենչ ոգին 95 տարի շարունակ ոգեշնչել են սերունդներին և կոչել նոր խիզախումների:

Մեր պատմության փառապանծ էջերից մեկը հանդիսացող այդ հերոսամարտից տասնամյակներ անց հայ ժողովուրդը կրկին ոտքի ելավ` պաշտպանելու հայրենի հողը և այդ հողում ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իր իրավունքը: Դա Արցախյան ազգային-ազատագրական շարժումն էր, որը կրկին վերածնեց հայ ժողովրդի հաղթական ոգին և հավատը սեփական ուժերի հանդեպ: Աշխարհը մեկ անգամ ևս համոզվեց, որ օրհասական պահերին մենք կարող ենք լինել ուժեղ ու միասնական, կուռ ու անսասան, համախմբվել ու համատեղել մեր ջանքերը` հանուն համազգային գաղափարների ու նպատակների իրականացման:

Բարեկամներ, ես հպարտության խոր զգացում եմ ապրում` գտնվելով ձեզ հետ: Միաժամանակ ուզում եմ երախտագիտություն հայտնել Լիբանանի ժողովրդին ու իշխանություններին և բոլոր նրանց, ովքեր դժվար պահերին օգնության ձեռք են մեկնել մեր հայրենակիցներին: Այսօր դուք հանդիսանում եք ձեր երկրի արժանի քաղաքացիները և անձնվեր ու քրտնաջան աշխատանքով նպաստում եք նրա զարգացմանն ու բարգավաճմանը:

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ հիշարժան հոբելյանների առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Ինչքան հզոր լինի մեր Սփյուռքը, այնքան հզոր կլինի Հայրենիքը, ինչքան հզոր լինի Հայրենիքը` այնքան հուսալի և ապահով կլինի հայ ժողովրդի ապագան: Այս գործում իր ուրույն դերակատարությունն ունեք դուք` հերոս մուսալեռցիների շառավիղներդ: Վստահ եղեք, հայրենիքում միշտ հիշում են ձեզ, ուրախանում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով, կիսում ձեր հոգսերն ու դժվարությունները: Միայն այսպես ձեռք ձեռքի մենք կարող ենք ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և հասնել նոր հաղթանակների»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---