Տասնվեց տարի անց հոգեբանական, սոցիալ-տնտեսական և իրավական հետևանքներն անհայտ կորած անձանց ընտանիքների վրա դեռևս զգացվում են

Տասնվեց տարի անց հոգեբանական, սոցիալ-տնտեսական և իրավական հետևանքներն անհայտ կորած անձանց ընտանիքների վրա դեռևս զգացվում են

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության շուրջ հրադադարի պայմանագրի ստորագրումից տասնվեց տարի անց հոգեբանական, սոցիալ-տնտեսական և իրավական հետևանքներն անհայտ կորած անձանց ընտանիքների վրա դեռևս զգացվում են, օգոստոսի 30-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը (ԿԽՄԿ)։

Անհայտ կորածների միջազգային օրը, որը նշվում է ողջ աշխարհում օգոստոսի 30-ին, աշխարհով մեկ անհայտ կորածների ընտանիքների դժվարությունների և հարազատի ճակատագրի մասին իմանալու նրանց իրավունքի վրա ուշադրություն է հրավիրում։

«Անհայտ կորած հարազատի մասին տեղեկություն ստանալու անհրաժեշտությունից բացի, ընտանիքներն ունեն նաև յուրահատուկ հոգեբանական, սոցիալ-տնտեսական և իրավական խնդիրներ»,- ասել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար տիկին Կեբիր Ռաոլոսոնը։

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց հիմնահարցը և նրանց ընտանիքների կարիքները եղել են ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում 1992 թվականին իր գործունեությունը Հայաստանում ծավալելուց ի վեր։ Այսօրվա տվյալներով, 4500 անձանց ճակատագրեր դեռևս մնում են անհայտ։

ԿԽՄԿ-ի ձեռնարկած ուսումնասիրության արդյունքում, որի նպատակն էր ավելի լավ հասկանալ, թե հարազատի անհայտ կորելու հանգամանքը ինչպես է անդրադարձել նրանց ընտանիքների վրա, պարզ է դարձել, որ նման ընտանիքներն ավելի շատ են տառապում աղքատությունից և գործազրկությունից, քան Հայաստանի մյուս ընտանիքները։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք ծախսել են իրենց ունեցվածքը հարազատին որոնելու համար, կորցրել են իրենց տնտեսական իրավիճակը բարելավելու հնարավորությունը։ Դեռ ավելին, մինչ օրս նրանք պայքարում են հոգեբանական տրավմայով գոյատևելու համար, ինչը պատճառել է անհայտ կորած ունենալու փաստը։

ԿԽՄԿ-ն հույս է հայտնում, որ ավելի մեծ ուշադրություն կդարձվի անհայտ կորածների ընտանիքների իրավիճակի վրա և կարվի ավելին նրանց կարիքները բավարարելու ուղղությամբ։

«Պատշաճ իրավական հիմքի ստեղծումը հնարավորություն կտա թեթևացնելու անհայտ կորած անձանց ընտանիքների վիճակը, որոնցում հաճախ հայտնվում են նրանք»,- ասել է, արտաքին գործերի նախարարության խորհրդական, անհայտ կորածների մասին օրինագծի մշակման միջ-նախարարական աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը։ «Անհայտ կորածների վերաբերյալ հավաքագրված ողջ տվյալները համախմբելու նպատակով՝ հանձնաժողովը կսկսի դրանց մուտքագրումը հատուկ բազայի մեջ»,- ասել է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը։

ԿԽՄԿ-ը կշարունակի աջակցել Հայաստանի իշխանությունների ջանքերին՝ արձագանքելու անհայտ կորած անձանց ընտանիքների կարիքներին։ Այս մասին հաղորդում է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի մամլո ծառայությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---