«Սարգիս Տխրունի» միությունը կոչ է անում ուսանողներին պայքարել բուհերում հովանավորչության և կաշառակերության դեմ

PanARMENIAN.Net - Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը կոչ-շնորհավորագրեր է հղել ուսանողներին: Շնորհավորագրում, մասնավորապես ասվում է.

«Այսօր`սեպտեմբերի 1-ին, Հայաստանի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները բացում են իրենց դռներն ուսանողության առջև: Առաջին տարին բուհ հաճախող ուսանողի համար այս օրը կյանքի նոր էջի սկսման ազդարարն է: Իրենց ուսանելու տարիներին ուսանողները հաճելի և քրտնաջան օրեր ունենալուց զատ կբախվեն բազմաթիվ արատավոր երևույթների, որոնք, ցավոք, առկա են մեր բուհական համակարգում: Խոսքը, մասնավորապես, բուհական կոռուպցիայի մասին է, որ որդի պես մտել է այդ համակարգ, և այն արմատախիլ անելու փորձերը ցայսօր հաջողությամբ չեն պսակվել: Կոչ ենք անում Ձեզ չընկճվել այդ արատավոր բարքերի առջև, ըմբոստ պայքար մղել առկա հովանավորչության և կաշառակերության դեմ, որովհետև ուսանողության համընդհանուր ուժերով պայքարն է միայն, որ կարող է բարձրագույն ուսումնական հաստատությունը ծառայեցնել իր բուն նպատակին` այն է կրթել և պատրաստել որակավորված մասնագետներ, ովքեր կյանքի հետագա հատվածներում իրենց մասնագիտական կարողությունները կծառայեցնեն հանուն Ազգի և Հայրենիքի:

Այս դժվարին պայքարի ճանապարհին կլինեն բազմաթիվ խոչընդոտներ. կբախվեք չինովնիկական սառն ու անտարբեր հայացքների, արհեստական պատնեշների: Սակայն Դուք արդեն ուսանող եք, և էլ ի՞նչ ուսանող, եթե չկարողանա հաղթահարել առկա բոլոր դժվարությունները հանուն վաղվա լուսավոր ապագայի», ասվում է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---