Ֆիլիպ լը Ուերու. Տարածաշրջանում ՀԲ ծրագրերի լավագույն պորտֆելը Հայաստանում է

Ֆիլիպ լը Ուերու. Տարածաշրջանում ՀԲ ծրագրերի լավագույն պորտֆելը Հայաստանում է

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում առանձնազրույց է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ Լը Ուերուի հետ, ով Հայաստանում է «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային համաժողովի առիթով:

Քննարկվել է ՀԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը և ընգդգծել, որ այդ համագործակցության բացակայության դեպքում Հայաստանը շատ բան կկորցներ: «Այն, որ Հայաստանում ծրագրեր եք իրականացնում` խնդրի մի կողմն է: Երկրորդ կողմն այն է, որ առաջավոր փորձ եք բերում, ինչը մեզ համար չափազանց էական հանգամանք է: Մարդիկ պետք է կարողանան որոշակի բարելավումներ տեսնել, բայց, մյուս կողմից էլ, պետք է ապագան տեսանելի լինի: Եթե այդպես չլինի, ապա այսօրվա նույնիսկ շատ լավ փոփոխություները կարող են մարդկանց չբավարարել»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն ասել է, որ նաև վերոհիշյալ չափանիշներից ելնելով է բարձր գնահատում համաժողովի կատարած աշխատանքը, քանի որ ծավալված քննարկումների ընթացքում առկա խնդիրներն արձանագրելուց բացի` առաջարկվել են նաև դրանք լուծելու հստակ ուղիներ:

Համաշխարհային բանկի փոխնախագահն ասել է, որ, չնայած իր ծանրաբեռնված աշխատանքային օրակարգին, որոշել է մասնակցել այս համաժողովին, քանի որ պարտավորվածություն է զգում Հայաստանի հանդեպ: Պարոն Լե Ուերուի խոսքով, դեռևս ՀԲ-ում իր նախկին պաշտոնում աշխատելիս, Հայաստանի և Բանկի միջև արդյունավետ համագործակցության օրինակը հաճախ է որպես համոզիչ փաստարկ օգտագործել ՀԲ-ի ծրագրերի համար տրամադրվելիք գումարների շուրջ դոնորների հետ վարվող բանակցություններում: «Մեկ տարի է, ինչ այս պաշտոնում եմ: Դիտարկել եմ տարածաշրջանում մեր ծրագրերի պորտֆելը և, անկեղծորեն ասեմ, ըստ իս` ծրագրերի լավագույն պորտֆելը Հայաստանում է: Ընդ որում, ծրագրերի թե´ որակի և թե´ կատարողականի առումով: Ես հատկապես տպավորված եմ, քանի որ այն, ինչ փաստաթղթերում ուսումնասիրել, կարդացել եմ` հայաստանյան ծրագրերի վիճակագրություն և այլն, փաստացի, գործնականում նաև տեսա»,-ընդգծել է ՀԲ-ի փոխնախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և պարոն Լը Ուերուն վստահություն են հայտնել, որ Համաշխարհային բանկի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցության մինչ օրս կուտակված փորձը հնարավորություն կընձեռի առաջիկայում իրականացնելու առավել ընդգրկուն ծրագրեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---