Ռոբերտ Սիմոնս. Հարավային Կովկասի գործընկերների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կշարունակեն մնալ առաջնահերթություն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրում պաշտպանության բնագավառի նոր նպատակների հավելմանը, բազմազգ գործողություններին ՀՀ զորակազմերի մասնակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանում պաշտպանական բարեփոխումների և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը:

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի համատեքստում գործընկերության ապագայի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի հարցին ի պատասխան պարոն Սիմոնսը հավաստիացրեց, որ Հարավային Կովկասի գործընկերների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կշարունակեն մնալ առաջնահերթություն: Իսկ ինչ վերաբերում է գործընկեր երկրների կողմից այդ համագործակցությունն իրենց կարիքներին համապատասխանեցնելուն, ապա Հայաստանի դեպքում դա կատարվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և մի շարք այլ ենթածրագրերի միջոցով, ինչն իր բնույթով օրինակելի է: ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ ընդգծել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնի կարևորությունը և շնորհակալական խոսքեր ուղղեց Ռոբերտ Սիմմոնսին` անցած 7 տարիների ընթացքում նրա կողմից իրականացված արդյունավետ գործունեության համար, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---