ԱՄՀ-ն Նորավանքից մինչև Գորիս ողջ տարածքը զբոսաշրջության զարգացման համար գերակա է համարել

PanARMENIAN.Net - «Զբոսաշրջությունը երկու տեսակետից կարելի է դիտարկել` որպես բիզնես, որը ներառում է արկածային, բնապահպանական և ագրարային զբոսաշրջությունը, ինչպես նաև զբոսաշրջությունը որպես երկրի բնության, մշակութային և պատմական արժեքների պահապանության միջոց», - հայտարարել է Հայաստանի զբոսաշրջության ընկերակցության ղեկավար Ժաննա Գալյանը` սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ Գալյանի, զբոսաշրջությունը առանց բնությանը վնաս հասցնելու, բնության գրկում հանգստանալու գաղափարն է արտահայտում:

Տուրօպերատորների ընկերակցության անդամ, զբոսաշրջային «Նատուրա տուր» գործակալության հիմնադիր և տնօրեն Էդուարդ Գևորգյանն ասել է, որ բիզնեսի տեսանկյունից դիտարկելիս` Հայաստանում նկատելի է մեծ ներուժ զբոսաշրջության զարգացման համար, սակայն միևնույն ժամանակ շատ չլուծված հիմնախնդիրներ կան: «Այդպիսի խնդիրներից են մեր հատուկ պահպանության գոտիների աղտոտվածությունը», - ընդգծել է Գևորգյանը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հասարակության հետ կապերի բաժնի պետ Զառա Ամատունին նշել է, որ հիմնադրամը Հայաստանը բաժանել է զբոսաշրջության զարգացման 4 գոտու` հարավային (Նորավանքից մինչև Գորիս, ներառյալ Ջերմուկն ու Տաթևը), հյուսիսային (Լոռու և Շիրակի մարզ), կենտրոնական (Երևան, Էջմիածին, Զվարթնոց և այլն) և օղակաձև (Սևանա լիճն արվարձանների հետ) գոտիների: Նա ընդգծել է, որ ԱՄՀ-ի համար գերակա է հարավային գոտին, որը ներառում է Նորավանքից մինչև Գորիս ողջ տարածքը, քանի որ այնտեղ զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա: Ըստ նրա, այդ տարածքում բազմաթիվ հնարավորություններ կան նոր զբոսաշրջային պրոդուկտների մշակման համար՝ հետաքրքիր քարանձավներ, այդ թվում Մոզրովի քարանձավը, որն առաջին հերթին հարկավոր է պահպանել այցելուներից, Տաթևի վանքն ու հարակից 7 գյուղերը, Սատանի կամուրջը և Որոտանի կիրճի այլ տեսարժան վայրերը:

Զառա Ամատունին նշել է, որ այդ տարածքների պահպանման համար հարկավոր են հստակ ծրագրեր, որոնցից մեկը հատակագիծն է, որը թույլ կտա զատել այդ տարածքները և խուսափել «դրանց հանդեպ հավակնություններից»: Հատակագիծը կմշակվի առաջիկա ամիսներին և կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Զ. Ամատունին ավելացրել է նաև, որ շատ կարևոր է նոր ենթակառուցվածքների հետ միասին պահպանել նաև կանաչ գոտին. «Օրինակ`Տաթևի ճոպանուղու կառուցման ընթացքում ոչ մի ծառ չի հատվել», - ընդգծել է Զառա Ամատունին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---