Հայաստանի վարչապետը հույս ունի, որ Սերժ Սմեսովն այսուհետ ևս կշարունակի հայ ժողովրդի լավ բարեկամ մնալ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, վարչապետը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման հարցում: Մասնավորապես, նա ընդգծել է, որ դիվանագետն իր գործունեության ընթացքում մեծ նպաստ է ունեցել երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում` հասցնելով դրանք քաղաքական և մշակութային երկխոսության բարձր մակարդակին: Սերժ Սմեսովն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունից հետո Ֆրանսիան երկրորդ խոշոր ներդրողն է Հայաստանում, ինչը վկայում է տնտեսական փոխգործակցության ոլորտում արձանագրված լուրջ առաջընթացի մասին:

Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ծավալված արդյունավետ համագործակցության համատեքստում զրուցակիցները ողջունելի են համարել հայաստանյան շուկայում ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում` «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» բջջային օպերատորի, գործունեությունը և քննարկել հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերի աշխուժացման հնարավոր ուղղությունները: Մասնավորապես, հեռանկարային է համարվել ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ համագործակցության ակտիվացումը փոստային ծառայությունների մատուցման, ապահովագրության, էներգետիկայի, էլեկտրոնիկայի, գյուղատնտեսության, գինեգործության, դեղագործության և օծանելիքի արտադրության ոլորտներում:

Դեսպանն անդրադարձել է նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված արդյունավետ համագործակցությանը և կարևորել Հայաստանի ու Ֆրանսիայի քույր քաղաքների և շրջանների միջև բարեկամական կապերի ընդլայնումը:

ՀՀ կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ և համոզմունք հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի լավ բարեկամը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---