Հայաստանի կառավարությունն աստիճանաբար կրճատում է ընդլայնողական քաղաքականության վեկտորը

Հայաստանի կառավարությունն աստիճանաբար կրճատում է ընդլայնողական քաղաքականության վեկտորը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն աստիճանաբար կրճատում է ընդլայնողական քաղաքականության վեկտորը, հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում ասել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Ճգնաժամի պայմաններում ընդլայնողական քաղաքականությունն անհրաժեշտ էր: Իսկ այժմ պետությունը կրճատում է ընդլայնողական քաղաքականության վեկտորը՝ նահանջելով ակտիվ միջամտությունից տնտեսությանը, զիջելով տեղը իրական, մասնավոր հատվածին»,-նշել է նա:

Այդ համատեքստում նախարարն ասել է, որ ընդլայնողական քաղաքականության գնահատման ցուցանիշ կարող է ծառայել ՀՆԱ-ի ծախսային մասը: «2011թ. պետբյուջեի նախագծում ՀՆԱ-ի այդ մասը կազմում է 26 տոկոս, 2008-ի 29,4 տոկոսի դիմաց: Դա վկայում է այն մասին, որ պետության մասնակցությունը տնտեսությանը նվազում է»,-հավելել է նախարարը:

Տիգրան Դավթյանը նշեց նաև, որ ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարությունը միտումնավոր կերպով ավելացրեց պետբյուջեի դեֆիցիտը՝ հասցնելով այն 7,5 տոկոսի ՀՆԱ-ի համեմատ: Ըստ նրա, այդ ցուցանիշը 2010թ. ակնկալվում է 5 տոկոսից ցածր նիշի վրա, իսկ 2011թ. նախատեսվում է կրճատել 3,9 տոկոսով: «Առաջիկա 1-2 ամսում մենք մտադիր ենք կրճատել պետբյուջեի դեֆիցիտը, հասցնելով այն միջազգայնորեն ընդունելի մակարդակի՝ 3 տոկոսի»,-ասել է նա: Նախարարն ընդգծել է, որ դա դժվար խնդիր է, սակայն անհրաժեշտ, քանի որ պետբյուջեի դեֆիցիտի մակարդակը գնաճի ճնշման նվազեցման կարևոր գործոն է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---