Հայաստանի նախագահը հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին առաջարկել է ԼՂՀ այցելել

Հայաստանի նախագահը հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին առաջարկել է ԼՂՀ այցելել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի քաղաքների, դեպարտամենտների և շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ:

«Ես շատ ուրախ եմ, որ հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններն օրըստօրե ավելի են ընդլայնվում և զարգանում: Այսօր Հայաստանում գործում են 120-ից ավելի ֆրանսիական կապիտալով ընկերություններ»,- ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանն առանձնահատուկ կարևորություն է տվել արդեն տասնամյակների պատմություն ունեցող ապակենտրոնացված համագործակցությանը, ինչի արդյունքում քույր քաղաքներն ու շրջանները իրականացնում են տասնյակ ծրագրեր: Նա համոզմունք է հայտնել, որ ապակենտրոնացված համագործակցության համաժողովը Երևանում կնպաստի համագործակցության խորացմանը:

Նախագահը նշել է նաև, որ տեղյակ է, որ ապակենտրոնացված համագործակցություն կա նաև Լեռնային Ղարաբաղի հետ: Անդրադառնալով այս հարցում Ադրբեջանի հակազդեցությանը` նախագահն ասել է, որ պարզ է նաև Ադրբեջանի գործողությունների պատճառը. «Նրանք ցանկանում են, որպեսզի Ղարաբաղի մասին որևէ մեկը ընդհանրապես որևէ բան չիմանա, չլսի, չտեսնի: Հակառակ պարագայում փլուզվում է իրենց կողմից ստեղծված մի ողջ կեղծ պատմություն»:

Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին կոչ է արել այցելել Լեռնային Ղարաբաղ և ականատես լինել արցախյան ժողովրդի հաջողություններին:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---