Հայաստանի իշխանությունները հիշել են ԱՀԿ առջև իրենց պարտավորությունների մասին

Հայաստանի իշխանությունները հիշել են ԱՀԿ առջև իրենց պարտավորությունների մասին

PanARMENIAN.Net - Ժամանակն է հրաժարվել հովանավորչական քաղաքականությունից, քանի որ Հայաստանն արդեն դուրս է եկել ճգնաժամից և կայուն տնտեսական աճի ճանապարհին է, լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, ճգնաժամի պայմաններում իշխանություններն աննախադեպ միջոցների դիմեցին՝ ավելացրեցին պետպարտքը, մեղմեցին հարկային բեռը տեղի արտադրողի համար, մասնավորապես, ակցիզային հարկի մասով, ինչը հակասում էր ԱՀԿ առջև երկրի պարտավորություններին: «Ճգնաժամն ավարտվեց և ժամանակն է հրաժարվել հովանավորչական քաղաքականությունից: Եթե մենք շարունակենք նման քաղաքականություն վարել, այլ երկրները նույն կերպ կվարվեն մեր պարագայում, օրինակ մեր գինիների ու կոնյակի հարցում»,-ասել է նա:

ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունների կատարումը:Փոփոխությունը նախատեսում է մինչև 2014-ն այդ հարկի դրույքների աստիճանական հավասարեցում ինչպես տեղական արտադրողների, այնպես էլ ներկրողների համար:

Առաջարկվող փոփոխությունները հանգեցնելու են 1 տուփ տեղական ծխախոտի ինքնարժեքի բարձրացմանը 10 դրամով, իսկ ներկրվող ծխախոտինը` 15 դրամով: Բացի դրանից, տեղական և ներկրվող ոգելից խմիչքների ակցիզների արժեքի տարբերությունը կրճատվելու է 220 դրամից մինչև 120 դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---