Դիմիտրիս Խրիստոֆիաս. Կիպրոսը մշտապես Հայաստանի կողքին է` որպես կայուն գործընկեր եւ բարեկամ

Դիմիտրիս Խրիստոֆիաս. Կիպրոսը մշտապես Հայաստանի կողքին է` որպես կայուն գործընկեր եւ բարեկամ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Նիկոսիայում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը: Ողջունելով հյուրերին` Կիպրոսի նախագահը նշեց, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները բարեկամական են եւ ջերմ, ինչին մեծապես նպաստում է նաեւ հայ համայնքի գործունեությունը: Նախագահ Խրիստոֆիասը ընդգծեց, որ Կիպրոսը մշտապես Հայաստանի կողքին է` որպես կայուն գործընկեր եւ բարեկամ:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ գտնվում է մի երկրում, որը Հայաստանի հանդեպ իր բարեկամական և հարազատ վերաբերմունքն է ցուցաբերել դարեր շարունակ, ինչը պայմանավորված է նաեւ մեր հինավուրց պատմության ընդհանրություններով և մեր գրեթե նույն ճակատագրով: Նա շնորհակալություն հայտնեց Կիպրոսի նախագահին հայ համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի եւ հայկական դպրոցների ֆինանսավորման համար: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցության զարգացումը Կիպրոսի հետ: Հայ-կիպրական համագործակցությունը Հայաստանը դիտում է որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստումª հաշվի առնելով Կիպրոսի փորձը եվրոպական կառույցներում: Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ Նախագահի 2011 թ. հունվարին ծրագրված պաշտոնական այցը առավել կնպաստի քաղաքական երկխոսության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուքական. կիպրաթուրքական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի: Պարոն Աբրահամյանը շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կարեւորվեց միջազգային կառույցներում համագործակցությունը, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---