Առաջիկայում Հայաստանը շաքար կարտահանի Իրան

PanARMENIAN.Net - Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 23-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Ախուրյանի շաքարի գործարան, շրջայց կատարեց գործարանում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և ծրագրերին:

2006թ. ամռանը Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի «Արևիկի» նախկին բազայի տարածքում սկսվեց շաքարի գործարանի շինարարությունը, որը նախատեսված է վերամշակելու համար ինչպես ներկրվող կիսաֆաբրիկատ հումքը (Հարավային Ամերիկայի երկրներից), այնպես էլ տեղում աճեցված ճակնդեղը: Առ այսօր կատարվել է շուրջ 102 մլն դոլարի ներդրում, տեխնոլոգիական սարքավորումների մեծ մասը ձեռք է բերվել Չեխիայից, որոշ մասն էլ՝ Գերմանիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Այժմ գործարանում իրականացվում է վարչական մասնաշենքի շինարարությունը, արդեն գործարկվել է ներկրվող հումքով աշխատող սխեման: Մինչ օրս ներկրվել է 17 000 տոննա կիսաֆաբրիկատ հումք, որի վերամշակման արդյունքում ստացվել է սպիտակ շաքար: Արտադրված շաքարը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: Արդեն իսկ Վրաստան է արտահանվել 1,5 հազար տոննա շաքարավազ, Իրան արտահանելու վերաբերյալ բանակցություններ են գնում:

Այս տարի «Լուսաստղ-Շուգար» ընկերությունը վարձակալել է մոտ 50 հա հողատարածք և ցանել եվրոպական երկրներից ներմուծված շաքարի ճակնդեղի սերմեր, ինչը հնարավորություն է տալիս 1 հա հավաքել 50 և ավելի տոննա ճակնդեղ: Հայաստանում աճեցված շաքարի ճակնդեղը վերամշակման ավարտին հասցնելու համար մնացել են գործարկման և կարգավորման աշխատանքները, որոնք կիրականացվեն բերքահավաքից հետո: Գործարանի տեխնոլոգիան շուրջօրյա է, գործարանն աշխատելու է 10 ամիս, յուրաքանչյուր տարի 2 ամիս կանգնելով ընթացիկ նորոգման: Ներկրվող հումքի բազայի վրա գործարանային հզորությունը կկազմի շուրջ 180 հազար տոննա սպիտակ շաքար, որը ստացվելու է 200 հազար տոննա ներկրվող հումքից (7 ամսում), ինչպես, նաև 40 հազար տոննա սպիտակ շաքար, որը ստացվելու է 300 հազար տոննա շաքարի ճակննդեղի վերամշակումից (3 ամսում):

Գործարանը լրիվ հզորությաբ աշխատելու դեպքում կարող է արտադրել 220 հազար տոննա սպիտակ շաքար: Գործարանի հզորությունն օրական 800 տոննա շաքարի արտադրությունն է, որից 90 տոննան ներքին շուկայի պահանջարկն է, որը բավարարվում է այսօր ներկրման հաշվին:

Նկատի ունենալով որ շաքարի ճակնդեղի հումքով շաքարի արտադրությունը լրիվ հզորության կարող է հասնել 4-5 տարում՝ ենթադրվում է, որ առաջիկա տարիներին տեղական հումքը կբավարարի ընդամենը 8-9 հազար տոննա շաքարի արտադրության համար: Գործարանի շահագործման արդյունքում ստեղծվել է շուրջ 700 աշխատատեղ, 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ շաքարի ճակնդեղի մշակությունը 300 հազար տոննայի հասցնելու պարագայում կապահովի շուրջ 20 հազար մարդու զբաղվածություն:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է գործարանի տնօրեն Էդուարդ Սարգսյանը, գործարանը լուծում է սոցիալական խնդիրներ, քանի որ արդեն այժմ գործարանում աշխատում է 700 մարդ: Ըստ նրա, լրիվ հզորությամբ աշխատելու դեպքում, աշխատատեղերը կավելանան, հասնելով 20 հազարի: Անդրադառնալով շաքարի գնին, նա նշել է, որ դա բորսայական ապրանք է, քանի որ նրա գինը ձևավորովում է բորսայում: «Եթե մենք այժմ արտահանեինք շաքարը, ապա 1 տոննան կարժենար 50-70 դոլար և ավելի: Գյուղտնտեսությունների հետ կնքվել են պայմանագրեր, որոնց համաձայն 1 կգ ճակնդեղը կընդունվի 25 դրամով, շաքարի 16-տոկոս պարունակության դեպքում: Շաքարի պարունակության կարգավորման համար կիրառվում է համապատասխան սանդղակ, որից կախված ձևավորվում է ճակնդեղի գինը: Ճակնդեղի ընդունումը կսկսվի մոտ օրերս: Աշխատելով տեղական հումքով՝ գործարանը կարող է ապահովել ներքին շուկայի պահանջարկի 40 տոկոսը»,-ասել է Էդուարդ Սարգսյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---