«Պոպոք» փառատոնը Երևանում կհավաքի գովազդի պրոֆեսիոնալներին

«Պոպոք» փառատոնը Երևանում կհավաքի գովազդի պրոֆեսիոնալներին

PanARMENIAN.Net - «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնն առաջին անգամ տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30: Առաջին փուլում փառատոնը պետք է տեղական գովազդային ընկերություններին օգնի իրենց գործունեության պրոֆեսիոնալ գնահատական ստանալ, այնուհետև նպաստի հայկական գովազդի զարգացմանը, մասնագետների պատրաստմանը: Փառատոնի «Պոպոք» անվանումը հայերեն խոսակցական լեզվով ընկույզ է նշանակում, որի միջուկը, կազմակերպիչների խոսքով, մարդու ուղեղն է հիշեցնում: «Ինչու հենց ընկո՞ւյզ:» Ուղեղն այն շարժիչ ուժն ու այն գաղափարների ստեղծողն է, որոնք տեսանելի հետք են թողնում յուրաքանչյուր մարդու կյանքում: Հենց երևակայությունն է մեր գլխում ծնունդ տվել ամենատպավորիչ գովազդային հոլովակներին, որոնք իրենց հերթին ձեզ ստիպել են որոշակի ապրանք ձեռք բերել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի կազմկոմիտեի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, Հայաստանի Գովազդային խորհուրդը պատրաստ է փառատոնի ընթացքում միջոցառումների անցկացման մասին առաջարկներ ընդունել պետական և հասարակական կազմակերպություններից:

Ժյուրիի կազմի մեջ մտել են մոտ 30 գովազդի պրոֆեսիոնալներ Հայաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելոռուսիայից, Լատվիայից և այլ երկրներից: Մրցակիցներին գնահատելու են գովազդի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Թոնի Թեյլորը (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում «JWT» գլխավոր մենեջեր), Վալենտինա Կռիլովան (Advertology.ru-ի գլխավոր խմբագիր), Անդրեյ Պուրտովը (Artgraphics.ru-ի հիմնադիր և «Identity» ամսագրի գլխավոր խմբագիր): Փառատոնի շրջանակներում կկայանան նաև Թոնի Թեյլորի, Իգոր Գանժայի, Սամվել Ավետիսյանի, Պավել Եգորովի, Անդրեյ Պուրտովի, Ալի Աթիֆ Բիրի և Ալեքսեյ Անդրեևի ու Յուրկո Գուցուլյակի վարպետության դասերը, որոնց մասնակցելու են հրավիրվում խոշոր և միջին ձեռնարկությունների մարքեթինգային բաժինների աշխատակիցներ, գովազդ ստեղծողներ, ԶԼՄ-ներում գովազդի համար պատասխանատուներ, ձեռնարկությունների առաջին դեմքեր: Մասնակցությունը վարպետության դասերին վճարովի է, հայկական բուհերի ուսանողների համար գործում են զեղչեր: Փառատոնի մրցութային ծրագիրը բաղկացած է 6 անվանակարգերից (Ռադիոգովազդ, Հեռուստագովազդ, Ինտերնետ գովազդ, Տպագիր գովազդ, Մարքեթինգային արդյունավետություն, Գրաֆիկական դիզայն), որոնցից յուրաքանչյուրը բաժանվում է երկու ենթակարգերի` կոմերցիոն և սոցիալական:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---