Տիգրան Սարգսյան. Հայ-ռուսական երկկողմ տնտեսական համագործակցությունը գնալով ավելի է զարգանում

Տիգրան Սարգսյան. Հայ-ռուսական երկկողմ տնտեսական համագործակցությունը գնալով ավելի է զարգանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Եկատերինբուրգում իր աշխատանքներն է սկսել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նախքան վերջինիս 12-րդ նիստի բացումը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի առանձնազրույցը։ Հանձնաժողովի համանախագահների` նիստին հաջորդած մամլո ասուլիսում, անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը, ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, նիստի մասնակիցները քննարկել և որոշումներ են ընդունել տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի` 2009թ. սեպտեմբերի 25-ին կայացած 11-րդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկկողմ իրավապայմանագրային դաշտի և առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, ՀՀ-ի կողմից պետական պարտքի մարման հաշվին ՌԴ-ին փոխանցված ձեռնարկությունների աշխատանքի, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հումանիտար, բնապահպանության ոլորտներում ծավալված համագործակցության մասին։

Ըստ Տիգրան Սարգսյանի, հայ-ռուսական երկկողմ տնտեսական համագործակցությունը գնալով ավելի է զարգանում։ «Այսօրվա նիստում համաձայնեցվել են 15 հարցեր, որոնք կնպաստեն երկկողմ ծրագերի իրականացմանը։ Քննարկվեցին նաև հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի և Ռուսաստանի միջև համատեղ բիզնես ծրագրերի իրականացմանը: Հայաստանը պատրաստ է «Մարս» գործարանում հիմնել ազատ տնտեսական գոտի, ընդունել համապատասխան իրավապայմանագրային նորմեր` այլ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար։ Մարսի վերաբերյալ աշխատանքներ են տարվում «Սիտրոնիքս» ընկերության և մեր ռուս գործընկերների հետ, թե ինչպես շահագործվի այն։ ՀՀ իշանություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել գործարանի տարածքում տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա այդտեղ ներդրումային նոր ծրագրեր իրականացնել։ Մինչև այս տարվա վերջ պետք է համաձայնեցվեն բոլոր հարցերը»,- նշել է նա:

ՀՀ վարչապետի խոսքով, քննարկվել է նաև ալմաստի վերամշակման համատեղ ծրագիրը։ «Հայտնի է, որ Հայաստանն այս ոլորտում ունի բավական փորձ։ Մենք այսօր վերականգնում ենք «Ալռոսա» ընկերության և հայկական ձեռնարկությունների միջև ալմաստի հումքի պահանջարկի ծավալները»,- նշել է Տիգրան Սարգսյանը։

Իգոր Լևիտինի խոսքով, նախորդ տարի կողմերն իրավանորմատիվային բազայի վերանայման լուրջ քայլեր են իրականացրել: «Այսօր Ռուսաստանի և Հայաստանի տարբեր մարզերի միջև կապերն ամրապնդելու համար պատրաստվում է չորս պայմանագիր, ինչը շատ կարևոր է առևտրատնտեսական կապերի ամրապնդման համար։ Այս տարի հայկական կողմի խնդրանքով մենք կարողացանք վերականգնել Վերին Լարսի անցակետի աշխատանքները, ինչի արդյունքում մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն սկսել է ավելի ակտիվ գործել։ Մենք դեռևս չենք կարողացել վերականգնել մինչճգնաժամային ժամանակահատվածում արձանագրված առևտրատնտեսական շրջանառության մակարդակը, ինչի համար պետք է շարունակենք լուրջ քայլեր կատարել»,- ասել է նա` ավելացնելով, որ այսօր Սվերդլովսկ և Արմավիր մարզերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանային համաձայնագրի կնքման շուրջ։

Անդրադառնալով «Նաիրիտ» գործարանին` ՀՀ վարչապետը նշել է, որ գործարանի հիմնական վարկատուն Միջպետական բանկն է, բայց քանի որ այն գտնվում է վերակառուցման փուլում և նրա նպատակներն ու խնդիրները դառնում են հիմնականում հաշվարկային բնույթի, նպատակարհարմար է այդ վարկի տեղափոխումը մեկ այլ բանկ։ «Մասնավորապես, «Նաիրիտի» վարկատուն կարող է լինել ԵվրԱզԷս բանկը, կամ հակաճգնաժամային հիմնադրամը, որը նույնպես խոշորածավալ ներդրումներ է կատարում։ Համապատասխան հանձնարարական է տրված Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարություններին, որպեսզի այս խնդիրը քննարկեն և մեզ ներկայացնեն առաջարկություններ»,- ասել է ՀՀ գործադիրի ղեկավարը։

Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինը ստորագրել են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրությունը։

ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է նաև «Սուրբ Կարապետ» եկեղեցի, իսկ այսօր երեկոյան նրա գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան, հաղորդում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---