Սերժ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանի հետ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի համագործակցությունը շարունակաբար կընդլայնվի

Սերժ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանի հետ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի համագործակցությունը շարունակաբար կընդլայնվի

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահը շնորհավորել է Անդրեյ Կոնդակովին` Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նման հեղինակավոր ֆինանսական կազմակերպության նախագահ ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ բանկի համագործակցությունը շարունակաբար կընդլայնվի: Հանրապետության ղեկավարը նշել է, որ բանկի ակտիվ գործունեության համար մեր երկրում կան բոլոր հնարավորությունները: Սերժ Սարգսյանը ողջունել է տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանն ուղղված Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գործունեությունը` կարևորելով բանկի կողմից տրամադրվող միջոցների մատչելիությունը:

Անդրեյ Կոնդակովը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է բանկի անցած տասնմեկ տարվա գործունեության ընթացքում արձանագրած հաջողություններն ու հետագա զարգացման ծրագրերը: Նա բարձր է գնահատել Հայաստանի` իբրև բանկի բաժնետերերից մեկի, ակտիվ մասնակցությանը բանկի կապիտալի համալրմանը` դա համարելով քաղաքական աջակցություն, որը չափազանց գնահատելի է: Բանկի նախագահի հավաստմամբ, կապիտալի ավելացումը հնարավորություն կտա բանկին ընդլայնել գործունեությունն ու հանդես գալ անդամ երկրների տնտեսական զարգացումը խթանող նոր նախագծերով: Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության մեջ բանկի ներգրավվածության ընդլայմանն առնչվող ծրագրեր և նոր գաղափարներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---