Թեհրանում մամուլի ցուցահանդեսի կազմակերպիչները փորձում են հայկական պատվիրակությանը զերծ պահել ադրբեջանցիների հարձակումներից

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան հայկական պատվիրակությունը, ժամանելով Իրանում տեղի ունեցող մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնի վայր, որտեղ Հայաստանը ներկայացնում են PanARMENIAN.Net գործակալությունն ու «Ազգ» օրաթերթը, պարզել է, որ ցուցահանդեսի կազմակերպիչները, հնարավոր է հայ լրագրողների անվտանգության ապահովման նպատակով, փոխել են հայկական տաղավարի տեղը: Բացի դրանից, վահանակից հեռացվել է Արցախի «Մենք ենք, մեր սարերը» խորհրդանիշ-հուշարձանի լուսանկարը, սակայն տաղավարի ներկայացուցիչներն այն ցուցադրում են այցելուներին: PanARMENIAN.Net ի թղթակցի խոսքով, ցուցահանդես-փառատոնի կազմակերպիչները խոստացել են մինչ երեկո վահանակին փակցնել լուսանկար, որը որևէ առնչություն չունի «հակամարտության տարածքների» հետ: Հայկական կողմը սպասում է կազմակերպիչների որոշմանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին այն բանից հետո, երբ հայկական տաղավարի վահանակին ամրացվել է Հայաստանի և ԼՂՀ-ի պետական քարտեզը, ադրբեջանցիները գազազել են: Սկզբից նրանք իրանական կողմից պահանջել են հանել քարտեզը և հայկական հուշարձանի լուսանկարը, բայց, չսպասելով կազմակերպիչների կողմից ինչ-որ որոշում ընդունելուն, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ներխուժել է հայկական տաղավար, պոկել Հայաստանի քարտեզը և փորձել պատռել այն: Պետք է նշել, որ իրենց շահերը պաշտպանելու համար ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները օգնության են կանչել թուրքական պատվիրակությանը:

Մեր թղթակցի խոսքով, կատարվածի համար ադրբեջանական կողմի համար պատիժ նախատեսված չէ: Սակայն հայկական տաղավարի ներկայացուցիչները մտադիր են հանդիպել Իրանում Հայաստանի դեսպանի հետ և նրա միջոցով Ադրբեջանի կողմից պաշտոնական ներողության հայցման հասնել: Ինչպես նշել է մեր գործակալության թղթակիցը, ադրբեջանցիներն իրենց «լրտեսներին» են ուղարկում հայկական տաղավար, որպեսզի համոզվեն, որ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի լուսանկարը չի փակցվել վահանակին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---