ՀՀ գյուղատնտեսության նախարարության լիցենզավորման վարչության պետն ու բուսասանիտարիայի տեսչության պետը ազատվել են աշխատանքից

ՀՀ գյուղատնտեսության նախարարության լիցենզավորման վարչության պետն ու բուսասանիտարիայի տեսչության պետը ազատվել են աշխատանքից

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության նոյեմբերի 4-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր դժգոհությունն է հայտնել նախագահի հանձնարարականների անբավարար կատարման վերաբերյալ: Նա մասնավորապես ասել է. «Հանրապետության նախագահը երեկ հստակ հանձնարարություններ է ձևակերպել, որոնք վերաբերում են միջսահմանային պետական գործառույթներին։

Մենք միասին պարտավոր ենք շատ արագ հանրապետության նախագահի հանձնարարականներն ի կատար ածել։ Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն մաքսային և հարկային գործառույթներին, այլև բոլոր այն պետական գործառույթներին, որ մենք իրականացնում ենք սահմանում, երբ որ մեր քաղաքացիները և տնտեսություն վարող սուբյեկտները հատում են սահմանը։ Այսօր ես ուզում եմ սկսել բուսասանիտարիայի խնդրից։ Գաղտնիք չէ, որ դժգոհություններն այդտեղ բավական շատ են, և վերջերս մենք գյուղատնտեսության նախարարի հետ քննության ենք առել վարչապետի վերահսկողական ծառայության հաշվետվությունը կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ։ Գյուղատնտեսության նախարարը խնդրանքով դիմել էր վարչապետին, որպեսզի ես թույլ տամ ստուգումներ մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող օբյեկտներում, քանի որ ահազանգեր էին ստացվում քաղաքացիներից, որ թունաքիմիկատների առևտուրն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ»:

«Այդ թույլտվությունը տրված էր գյուղատնտեսության նախարարությանը, և պարզվեց, որ ստուգման արդյունքում ընդամենը մեկ խախտում է արձանագրվել։ Երբ վարչապետի վերահսկողական ծառայությունը գնաց այդ ստուգման հետքերով, պարզվեց, որ և՛ լիցենզավորման վարչությունը, և՛ բուսասանիտարիայի վարչությունը, մեղմ ասած, պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, որովհետև բոլոր այդ օբյեկտներում մեր վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է խախտումներ, որոնք չեն արձանագրվել, ընդ որում բուսասանիտարիայի տեսչությունը ծառայություններ է մատուցում նաև սահմանում։ Այլևս հանդուրժելի չէ նման աշխատաոճը։ Գյուղատնտեսության նախարարն արդեն իսկ աշխատանքից հեռացրել է լիցենզավորման վարչության պետին, և ես հանձնարարում եմ ձեզ, պարոն նախարար, որ այսօր լուծեք նաև բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը։ Միևնույն ժամանակ հանրապետության նախագահի հանձնարարությունով մենք պետք է պարզեցնենք բուսասանիտարիայի գործառույթները»,-ասել է վարչապետը։

Հանձնարարվել է վարչապետի խորհրդականին` պարոն Ղարիբյանին, գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ 10 օրվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ բուսասանիտարիայի գործառույթների պարզեցման ուղղությամբ, անիմաստ գործառույթները սահմանից պետք է դուրս բերվեն։

Գյուղատնտեսության նախարարը նշել է, որ որոշվել է թողնել միայն այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են համապատասխան փաստաթղթեր տրամադրելու համար, ինչը նաև օրենքի պահանջն է, մնացած բոլոր գործառույթները պետք է հանել։ «Սա առաջին ոլորտն է և կադրային փոփոխությունների հանձնարարականը»,-ասել է նա։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---