Մինասի երեք որմնանկարներ, հնարավոր է, վերականգնվեն 2011 թվականին

Մինասի երեք որմնանկարներ, հնարավոր է, վերականգնվեն 2011 թվականին

PanARMENIAN.Net - Իտալացի վարպետների ջանքերով արդեն վերականգնվել են հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի երեք որմնանկարներ: Իտալացի ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոբինիի խոսքով, մեծ վարպետի մնացած աշխատանքների վերականգնմանը հարկավոր է ձեռնամուխ լինել անհապաղ, քանի որ էլեկտրատեխնիկական գործարանում` այն շենքում, որտեղ գտնվում են որմնանկարները, դրանք շուտ են փչանում ցրտի և խոնավության պայմաններում: «Ամեն անգամ, երբ ժամանում եմ Հայաստան, նկատում եմ, որ կորուստները գնալով շատանում են»,- նշել է նա:

Հայտնի նկարչի որդին` Ջաջուռում Մինասի թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը նշել է, որ «Ջրաղացքարեր» և «Գորգ են գործում» որմնանկարները շատ վատ վիճակում են: Այդ առիթով Հայաստանի Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն ավելացրել է, որ հայ նշանավոր նկարչի ևս երեք որմնանկարներ, հնարավոր է, վերականգնվեն 2011 թվականին:

«Եթե առաջին երեք որմնանկարների վերականգնման համար միջոցները հատկացվել էին պետբյուջեից, ապա 2011 թվականի բյուջեով Մինասի որմնանկարների վերականգնման համար ֆինանսներ նախատեսված չեն, և ստիպված ենք լինում հույսը դնել մասնավոր սեկտորի օգնության վրա»,- ասել է նա:

Բացի դրանից, «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարների վերականգնումն իրականացրել է իտալացի վարպետ Ֆաբրիցիո Յակոբինին` չորս հայ մասնագետների հետ համատեղ, սակայն միայն հայ վարպետների ուժերով առայժմ շատ դժվար է իրականացնել մնացած ստեղծագործությունների վերականգնումը: «Չնայած, որ աշխատելով իտալացի մասնագետի հետ, մեր վարպետները շատ բան են սովորել, հետագայում, այնուամենայնիվ, անհրաժեշտ կլինի հրավիրել իտալացի մասնագետներին` հատկապես հաշվի առնելով մնացած որմնանկարների բավական մեծ չափսերը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---