Բրիտանական խորհուրդը մտադիր է կապեր հաստատել հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողների միջև

Բրիտանական խորհուրդը մտադիր է կապեր հաստատել հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողների միջև

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-12-ին Բրիտանական խորհուրդը սկսում է «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» երկամյա ծրագիրը: Ինչպես PanARMENIAN.Net –ին են հայտնել Բրիտանական խորհրդում, Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում և Չեխիայում ստեղծագործող նկարիչ-մոդելավորողները միասին կստեղծեն 20 մասից բաղկացած մեկ ընդհանուր հավաքածու, որը կցուցադրվի Հայաստանում եւ ծրագրին մասնակից եվրոպական 5 երկրում: Հայաստանում եւ Եվրոպայում ցուցադրվելուց հետո Բրիտանական խորհուրդը հավաքածուն կնվիրի հայաստանյան թանգարաններից մեկին:

Հայ նկարիչ-մոդելավորողները եւ նրանց գործընկերները Եվրամիության երկրներից կստեղծագործեն միասին եւ փոխադարձ այցելությունների ընթացքում կծանոթանան միմյանց մշակույթներին` իրենց տպավորություններն ու խոհերն արտացոլելով սեփական աշխատանքներում:

Ծրագրի նպատակն է հայ եւ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների միջեւ մասնագիտական կապերի հաստատումը, գիտելիքների եւ փորձի փոխանակումն ու համատեղ արտադրանքի ստեղծման խրախուսումը:

Մինչ հավաքածուի ստեղծումը հայ եւ արտերկրի 10 նկարիչ-մոդելավորող փոխայցելության միջոցով կծանոթանան միմյանց մշակույթներին, կբացահայտեն ազգային տարազների ստեղծման պատմությունն ու ավանդույթները: Այցերից հետո նրանք ձեռնամուխ կլինեն հավաքածուի ստեղծման աշխատանքներին:

Բրիտանական խորհուրդը ծրագիրն իրականացնում է Գյոթեի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի և Չեխական կենտրոնի հետ համատեղ: Միջազգային այս կազմակերպությունները հանդիսանում են Ազգային մշակույթների եվրամիության ինստիտուտների (European Union National Institutes for Culture -EUNIC) անդամ: “Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում” ծրագիրը մեր երկրում միջազգային այդ կազմակերպությունների առաջին համատեղ նախաձեռնությունն է: Ծրագիրը համաֆինանսավորում է Եվրամիությունը: Հայաստանյան գործընկերն է Հայկական նորաձեւության խորհուրդը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---