«Նաիրիտ գործարանի» ղեկավարությունը խոստանում է չպատժել գործադուլ անող աշխատողներին

PanARMENIAN.Net - Տարածվող լուրերն այն մասին, թե «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձերի չվճարման հետ կապված բողոքի ցույցից հետո ընկերության ղեկավարության կողմից պահանջվել են ցույցի մասնակիցների ցուցակները` վերջիններիս պատժելու նպատակով, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 11-12-ին գործարանի աշխատողները հանդես եկան բողոքի ցույցով սկզբում ՀՀ կառավարության, այնուհետև երկրի նախագահի նստավայրի մոտ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հանձնարարել է գործադիր իշխանության պատասխանատուներին գործարանի ղեկավարության հետ համատեղ խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, այդ թվում` միջոցներ հայթայթել մոտակա 10 օրվա ընթացքում ամսական աշխատավարձերը վճարելու համար, իսկ ամսվա ընթացքում աշխատավարձերի մնացած մասը:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում նաիրիտցիները կազմակերպել են բողոքի մի քանի ցույց, սակայն «որևէ մեկը չի կարող հաստատել կամ վկայել, թե դրա արդյունքում աշխատակիցներից նույնիսկ մեկի նկատմամբ դրսևորվել է վատ վերաբերմունք, եղել են վարչական տույժեր կամ նսեմացնող գործողություն: Մասնակիցների ցուցակներն, այո, ճշտվում են պարզ հաշվառում անցկացնելու նպատակով, քանի որ ցույցի մասնակիցների թվում էին նաև նրանք, ովքեր այդ պահին լքել էին իրենց աշխատատեղերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Նաիրիտ գործարանի» մամլո ծառայությունը կրկին կոչ է անում ձեռնպահ մնալ չստուգված և չհիմնավորված տեղեկատվության տարածումից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---